կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 11:11
Առանց Կատեգորիա

Ազգն առանց «հայրերի»․ Արմեն Գևորգյան․ «168 ժամ»

Ազգն առանց «հայրերի»․ Արմեն Գևորգյան․ «168 ժամ»

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «168 ժամ»-ում գրել է․

«Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձու­թյուններին: Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ, որ խոսքն ար­դեն նշանակություն չունի: Նշանա­կություն չունի ո՛չ մեր տեղական քաղաքական գործիչների, ո՛չ էլ արտերկրյա գործիչների խոսքը: Փաս­տացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը: Այսպիսով՝ մեր երկիրն ազատ անկ­ման վիճակում է գտնվում:

 

Մեծ թափով ընթանում է ազգա­յին ինքնագիտակցության դեգրա­դացիա, մենք կորցնում ենք մեր ազգային ինքնության հիմքերը: Նիկոլին իր պաշտոնավարման ըն­թացքում հաջողվեց հայ հասարա­կության, այդ թվում և սփյուռքի զգալի մասին վարակել ատելու­թյան և ագրեսիայի բացիլով, նա շատերի մեջ է ներարկել վրեժխնդրության զգացում, գործարկել է մեր ժողովրդի ինքնաոչնչացման անտեսանելի մի մեխանիզմ: Այս վարակը սկսում է ոչնչացնել ազգի իմունային համակարգը, այն բթացնում է հայրենասիրության զգացումը և շատերին վերածում է բացառապես շահախնդիր մարդ­կանց, որոնց համար հայրենիքն ամբողջականանում է սեփական տան պարիսպներից ներս, և որոնք մտածում են միայն ու միայն սե­փական բարեկեցության մասին: Այս վարակը սկսում է վտանգել անվտանգության զգացումը բոլո­րիս մեջ, շատերն առաջնորդվում են բացառապես անձնասիրական սկզբունքով: Այդ մասին է վկայում արցախյան պարտված պատերազ­մի, հազարավոր զոհեր ունենալու և Սյունիքի իրավիճակի նկատմամբ շատերի լուռ անտարբերությունը: Սրա վկայությունն է նաև այն, որ մեր հասարակության մեջ կան Փաշինյանի աջակիցներ, ովքեր անկաշկանդ և բարձրաձայն հայ­տարարում են, թե Շուշին և Ար­ցախն Ադրբեջան են: Նիկոլի վեր­ջին մարտիմեկյան հանրահավաքը հասարակության մեջ առկա նման լատենտ տրամադրությունների վկայությունն է: Այդպիսի տրամադ­րությունները դարձել են ակնհայտ: Մյուս կողմից ես սա դրական եմ համարում մեր հասարակության հիվանդ լինելու ծավալները հաս­կանալու համար, քանի որ բուժելու համար անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում: Ինձ հետ շատերը կարող են չհամաձայնել՝ ասելով, թե այդպիսիք փոքրամասնություն են, բայց իրենք կան, բազմանում են և շարունակում խժռել մեր ազգային իմունային համակարգը:

Վերջին տարիների քաղաքական իրադարձությունները հանգեցրին նրան, որ Նիկոլ Փաշինյանն իրենով արեց հասարակական որոշակի շերտ՝ մոտավորապես 25%-ի չա­փով (հիմնականում թերուս լյումպենների), ովքեր միշտ զգալու են պոպուլիստական քաղաքական ու­ժի պահանջարկ և ընտրելու են քա­ղաքականապես անպատասխա­նատու ուժերի: Ընտրողների այս հատվածը, սեփական կրթական մակարդակից և տնտեսական վիճակից ելնելով, կարողանալու է եղանակ ստեղծել՝ բոլոր ընտրու­թյուններում ապահովելով լավա­գույն մեկնարկային պայմաններով անպատասխանատու քաղաքա­կան խմբերին և ուժերին: Հասարա­կության այս շերտն ապագաղափարական է, նրա քաղաքական վարքագծի վրա չի ներազդում որևէ գաղափարախոսություն, այն բա­վականին միասնական է կոնկրետ սպասելիքների շուրջ, և կարծես աչքի է ընկնում ագրեսիվ ակտիվությամբ․․․

․․․Ժամանակակից պատմությունն առանց պետության ազգերի օրի­նակներ շատ ունի, բայց շատ քիչ են առանց առաջնորդության ազգե­րի օրինակները: Չեմ կարող ասել, թե դա պատճառ է դառնում ազգերի և ժողովուրդների կործանման, բայց կարող եմ պնդել, որ պատճառ է դառնում պետականության կորստի: Մենք ակնհայտորեն գտն­վում ենք այդ ճանապարհին: Լու­ծումներն այս պահին ըստ առաջնահերթության.

 

1․ Առաջին նախագահի վերջերս հնչեցրած լուծումը:

2․ Զինվորականներն իրենց վրա են վերցնում երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատ­վությունը և փորձում են մոբիլի­զացնել ողջ քաղաքացիական ռա­ցիոնալ ռեսուրսը զարգացման հա­մար, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում Դը Գոլի կառավարման մեկնարկը պատերազմից հետո: Նա­խագահի և խորհրդարանական մե­ծամասնության հետ ձևավորում են նոր կառավարություն՝ ապահովե­լով նախորդ իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը:

3․ Ձևավորում ենք նոր, այլընտ­րանքային ուժ՝ իրավապաշտպան­ներով, փաստաբաններով, տնտե­սագետներով, ծրագրավորողնե­րով, գործարարներով, բժիշկներով և մանկավարժներով, արվեստի գործիչներով, լրագրողներով, պե­տական և համայնքային ծառայող­ներով, հանրային գործիչներով, և տեղի է ունենում ստեղծված իրա­վիճակից դուրս գալու ծրագրի շուրջ իրական համախմբում Նիկո­լին իշխանությունից հեռացնելու, պետականությունը պահպանելու հասարակությունն առողջացնելու համար:

․․․Շատ կարևոր է հասկանալ, որ հեշտ լուծումներ չեն լինելու: Գոր­ծող իշխանության հեռացումը միակ նախապայմանն է, որով հնարավոր է սկսել պետության վերելքը: Բայց այդ վերելքն ունենալու համար անհրաժեշտ է լինելու լուրջ ծրագ­րերի մշակում և ներդրում: Դա պա­հանջելու է մարդկային և մտավոր ռեսուրսների աննախադեպ կոնսո­լիդացիա: Ինքս պատրաստ եմ իմ փորձի, գիտելիքների 100 տոկոսա­նոց անշահախնդիր ու անվերա­պահ նվիրման այս գործին, ինքս պատրաստ եմ համոզել, խնդրել Հայաստանի և արտերկրի մեր կա­րող հայրենակիցներին միանալ այս գործին:

Պատրաստ եմ գիշեր- ցերեկ աշխատել, համակարգել աշ­խատանքային խմբեր մշակելու համար ամբողջական ոլորտային զարգացման ծրագրեր: Բայց վաղ­վա այդ փուլին հասնելու համար այսօր պետք է լինի կոնսոլիդաց­ված գիտակցում, որ պետությունը փլուզվում է, ու ժամ առաջ պետք է մի կողմ դնել բոլոր անձնական ու նեղ հաշվարկները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: