Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, որ այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:
Հրապարակումից հետո Yerkir.am-ի խմբագրությունը Լոռու մարզի այլ շրջաններից տեղեկություններ ստացավ առ այն, որ Լոռու մարզպետարանը գումար է հավաքել ոչ թե միայն Վանաձորի դպրոցներից, այլ ամբողջ Լոռու մարզից:
Որոշ դպրոցներ գումարը ներկայացրել են նաև դրամով, իսկ, ընդհանուր առմամբ, պահանջը նույնն է եղել՝ ներկայացնել ռուբլիով: «WhatsApp» համակարգի միջոցով զանգահարելու տարբերակն այս պարագայում ևս կիրառվել է, իսկ հաշվետվություն, ինչպես Վանաձորի դպրոցների դեպքում, չի ներկայացվել:
Ի դեպ, ծնունդով այս մարզից է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի գլխավորած գերատեսչությունն էլ հենց կոորդինացնում է մարզպետարանների աշխատանքը:
Արդյունքում՝ Փաշինյանի իշխանության կողմից պատերազմի օրերին իրականացված «WhatsApp» օպերացիայի մութ կողմերի մասին Լոռու մարզպետարանի հետ պարտավոր է պատշաճ բացատրություն տալ նաև ՏԿԵ նախարարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:
Հ.Գ. ՀՀ ՏԿԵ նախարարությունն արձագանքել է հրապարակմանը՝ բովանդակային պարզաբանում տալու փոխարեն հայտարարելով, թե արծարծված մեղադրանքները կապ չունեն նախարարի ղեկավարած գերատեսչությանը վերապահված լիազորությունների հետ։
Մինչ այն ներկայացնելը՝ փաստենք, որ Yerkir.am-ը շարունակում է և' մարզպետարանից, և' ՏԿԵ նախարարությունից, ի դեմս ոլորտը համակարգող գերատեսչության, սպասել հավաքված գումարների ծախսման մասին բովանդակային պարզաբանումների, բացատրությունների և հաշվետվությունների։
Ի դեպ, երեկ էլ Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն էր հորդորում հեռացնել մարզպետի նկարը՝ պատճառաբանելով, թե պատերազմի ժամանակ եղել է նախորդ մարզպետը։ Այնինչ, պատերազմի ավարտից հետո (դեկտեմբերի 17-ից սկսած) պաշտոնավարում է ներկայիս մարզպետը և հենց ինքն էլ պարտավոր էր ներկայացնել հաշվետվություն, ինչը չի արել արդեն երեք ամիս շարունակ։
Դե, հասկանալի է՝ բացառապես ֆեյսբուքյան տիրույթում ապրող և գործող, Արցախի մեծագույն հատվածը թշնամուն հանձնած, տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտության պատճառ դարձած, երկիրը ծայրահեղ թշվառության մատնած, արդյունքում՝ դմբ-դմբ-հուերի «հաղթական» շքերթով այդ ամենը տոնող հայրենավաճառ իշխանություններին ավելի շատ հետաքրքրում կամ հուզում է սեփական լուսանկարների ճակատագիրը, քան երկրում տիրող «բարդակն»ու ամենաթողությունը։
ՏԿԵ նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան Yerkir.am լրատվական կայքում «Նոր ահազանգեր. պատերազմի օրերին «WhatsApp»-ով գումար է հավաքվել ողջ Լոռու մարզից» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ հրապարակման մեջ արծարծվող մեղադրանքները որևէ աղերս չունեն նախարար Սուրեն Պապիկյանի անվան, նախարարի՝ ծնունդով Լոռու մարզից լինելու հանգամանքի և նախարարի ղեկավարած գերատեսչությանը վերապահված լիազորությունների հետ, ուստի հորդորում ենք լրատվամիջոցին սահմանված կարգով հրապարակել սույն հերքումը և հեռացնել նախարարի լուսանկարը ։ Միաժամանակ yerkir.am լրատվական կայքին խորհուրդ ենք տալիս ռազամական դրության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող միջոցառումների մասին տեղեկանալ հենց նախարարությունից և գերատեսչությանը՝ իր լիազորություններից դուրս գտնվող գործողություններ չվերագրել»։