կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 14:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թագուհի Թովմասյանը գլխի է ընկել, որ Մարտի 1-ի գործով կան քաղաքական հետապնդվողներ․ Կոստանյանի մասին փաստաթղթեր է հրապարակում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հրապարակեց փաստաթղթեր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին, որոնք «բացահայտում» էին Գևորգ Կոստանյանի՝ տարբեր հարցազրույցներում բարձրաձայնած փաստերը, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, հետևաբար միջազգային հետախուզում լինել չի կարող՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաշինյանի թիմի նախկին անդամը լծվել է նախկին իշխանության ժամանակ իրավական ոլորտում բարձր դիրքեր զբաղեցրած, այնուհետև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ եղած գործիչ Գևորգ Կոստանյանի պաշտպանությանը, և հրապարակում է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Միջազգային ինտերպոլը հրաժարվել է համագործակցել ՀՀ ներքին կառույցի հետ կոնկրետ այս հարցով, քանի որ Կոստանյանի գործը որակել է իբրև քաղաքական։

Նրա հրապարակեց միջազգային հեղինակավոր Քրեական ոստիկանության՝ Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին։

«Գլխավոր քարտուղարությունը վկայակոչում է ընդհանուր տագնապի մասին ներքոհիշյալ հաղորդագրությունը, որը տարածել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն Գևորգ Կոստանյանի վերաբերյալ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը  չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»,-գրված է հրապարակված փաստաթղթում։

Թագուհի Թովմասյանը կարդաց նաև Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը, որն ասում է, որ կազմակերպերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն։

Նա եզրակացրեց, որ Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական։

«Մենք՝ սպասումներով, որ իշխանափոխությունից հետո Մարտի 1-ը բացահայտվելու է, փաստորեն, մենք Մարտի 1-ի գործով ունենք քաղաքական հետապնդվողներ, այսինքն, մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, որ նորից քաղաքական հետապնդվողներ ունենանք, թե՞ մենք Մարտի 1-ը բացահայտում էինք միայն քաղաքական հետապնդվողների շարժառիթներով»,-ասաց իմքայլական նախկին պատգամավորը։

Նա չբացառեց, որ մյուսների մասով էլ քաղաքական հետապնդումներ լինեն։

Երբ Թագուհի Թովմասյանին հարցրին՝ որտեղի՞ց են իրեն հասանելի դարձել այս փաստաթղթերը, նա հիշեց, որ նախկին պաշտոնյաներին այս հարցը տալիս՝ պատասխանում էին, որ առավոտյան դուռը բացել են՝ դռան դիմացի փալասի տակ այդ փաստաթղթերը եղել են։ Թովմասյանն ասաց՝ ինքն էլ կարող է այդպես պատասխանել, բայց եթե ավելի լուրջ, ինքն այլ փաստաթղթեր էլ ունի։

Նշենք, որ Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցներում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության դատախազությունն ու իրավապահ մարմինները  մերժել էին Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հետախուզում հայտարարել իր նկատմամբ՝ նշելով, թե  իրականացվում է քաղաքական հետապնդում։

Մանրամասն՝ տեսանյութում․