Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված լրատվության համաձայն՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալը, ով միաժամանակ զբաղվում է նաև Արայիկ Հարությունյանին խորհուրդներ տալով, հայտնել է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։
Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Բորիս Ավագյանը մասնավորապես հայտնել է.
«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»:
Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է.
«Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի: Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու հարցում Ավագյանը կաշկանդված չէ: ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
«HALO Trust»-ը հայտարարությամբ հերքել է Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ավագյանի տեսակետը: Հայտարարության մեջ հատկապես ասվում է.
«ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում’ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»։
Մարտի 12-ին ԱՀ դատախազությունը հայտնել է, որ Արթիկ համայնքի փոխքաղաքապետի արտահայտության հիման վրա կազմված լրատվությունը «դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հատուկ ներկայացուցիչը մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված է եղել Մոսկվայում և փախել էր տնային կալանքից: