Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գարուն է, եղանակները շուտով կտաքանան: Սևանա լճի հիմնախնդիրը շարունակում է մնալ ոլորտի պատասխանատուների, բնապահպանների ուշադրության կենտրոնում: Մի քանի տարի է, ինչ ամռանը լիճը ծաղկում է, խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Ոռոգման նպատակներով լճից ջրբացթողումը ևս կարևորագույն խնդիր է շարունակում մնալ: Չլուծվող հարց է նաև արգելված ձկնորսությունը: Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ ոլորտի առաջնային կարևորություն ունեցող հարցերից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենքշինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում:
Մասնավորապես, ըստ նախարարության, արդեն մեկնարկել է 1903,5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը, ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Նախարարությունը նշում է, որ արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-ից 80 տոկոս կրճատում: Իհարկե, այս տվյալների հետ կարելի է չհամաձայնել, վիճարկել դրանք, հատկապես, երբ Երևանի փողոցներում ամեն քայլափոխի տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ձուկ վաճառում: Բայց այս հարցն ունի նաև երկրորդ՝ սոցիալական կողմը, որը տարիներ շարունակ մնում է չլուծված՝ իսկ մարդկանց ապրելու այլ տարբերակներ առաջարկե՞լ եք՝ ձկնորսությունն արգելելու փոխարեն: Խոսելով Սևանա լճին առնչվող աշխատանքների մասին՝ բնապահպան Կարինե Դանիել յանը նշում է՝ ինչ էլ արվի Սևանում, ասել, որ հարյուր տոկոսով այն է, ինչ լճին պետք է, հնարավոր չէ:
«Բավականին աշխատանքներ են կատարվել, սա, անխոս, դրական քայլ է: Որպես Սևանա լճի խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող մարդ՝ գոհ եմ դրանից: Հույս ունեմ, որ այդ աշխատանքները կընդլայնվեն՝ հաշվի առնելով նաև եղանակային այս պայմանները: Չգիտեմ, թե այս տեղումները որքան կտևեն, բայց հուսանք, որ գարունը տեղումնառատ կլինի, և լճի մակարդակը կբարձրանա»,«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպանը: Սրա հետ մեկտեղ Դանիել յանը նշում է, որ լճի մակարդակը բարձրանալու պարագայում, իհարկե, լճի ափերը պետք է «պատրաստ» լինեն դրան: «Ի՞նչ է սա նշանակում: Ցավում եմ, բայց լճի ափերին կան կառուցված շինություններ, որոնք հիմնականում անօրինական են, դրանք պետք է քանդվեն: Իհարկե, եթե հնարավոր է տեղափոխել, ապա գոնե պետք է դրանք այլ տեղ տանել, ամեն դեպքում ափսոս են: Երկրորդը թափոնների խնդիրն է, դրանց առկայությունը պետք է բացառել լճի հարակից տարածքում հատկապես»:
Թափոնների համար նախատեսված առանձին տեղեր պետք է լինեն: Սա շատ լուրջ պրոբլեմ է, առհասարակ Հայաստանում թափոնների վերամշակումը շարունակում է լրջագույն խնդիր մնալ, չնայած որ այդ ուղղությամբ, կարծես թե, սկսել են քայլեր կատարել: Ափերի մաքրումը ևս անհրաժեշտություն է: Բացի դա, տարածքները, որտեղ կարող են ափերը քանդվել և լցվել լճի մեջ, համապատասխան մասնագետները պետք է ուսումնասիրեն և հասկանան, թե ինչպես պետք է ամրացնեն դրանք»,-նշում է մեր զրուցակիցը: Տարիներ ի վեր խոսվում էր նաև լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին: Արդյո՞ք սա հիմա ևս կարևոր է: «Այո՛, դա մշտական հարց է, բայց կարող ենք ասել, որ այս պահին առաջնահերթներից չէ: Առաջնահերթ հարցը լճի ջրի որակն է, իսկ այն կախված է լճի մակարդակի բարձրությունից, ափերի վիճակից, ինչպես նաև նրանից, թե ինչ ջուր է ընդունում լիճը:
Այս բոլորն անընդհատ պետք է վերահսկողության տակ պահել: Չենք կարող չանդրադառնալ նաև ձկնապաշարների բավարար լինելու անհրաժեշտության հարցին: Ձկնապաշարները երկու խնդիր են լուծում: Առաջին՝ բնակչության սոցիալական խնդիրները, բայց բնապահպանների համար հիմնական խնդիրը լճի ջրի որակի պահպանումն է: Եթե ճիշտ վերականգնվում է հարաբերությունը ձկների ու կենդանական մյուս աշխարհների միջև, որոնք լճում եղել են մինչև մակարդակի իջեցումը, ապա այդ համակարգն օգնում է լճի ջրի որակի բարձրացմանը: Դա հիմնական խնդիրն է, որին պետք է միշտ ուշադրություն դարձնել»,-եզրափակում է Կարինե Դանիելյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում