Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից կմտնի ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները
«Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ»,- նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:
«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են»,- ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
Համաձայնագիրն ստորագրվել է 2017-ի նոյեմբերին, դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018-ի հունիսի 1-ից: Այդ ժամանակվանից կայուն կերպով զարգանում են Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության լայնությունն ու խորությունը: 2020-ի դեկտեմբերի 17-ին, ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 3-րդ հանդիպման ընթացքում, Եվրոպական միությունն ու Հայաստանը վերահաստատել են ՀԸԳՀ-ն լիովին իրականացնելու համար իրենց լիակատար հանձնառությունը։
Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես` օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով։ Այն ներառում է բարեփոխումներ օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ոլորտներում, մասնավորապես` անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև պետական հաստատությունների պատասխանատվության ու արդյունավետության բարձրացմանն և կայուն, ներառական զարգացմանը նպաստող պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ:
Աույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 1-ից համագործակցությունը կամրապնդվի այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել Համաձայնագրի ժամանակավոր կիրառման դրույթների ներքո: Եվրոպական միությունը պատրաստ է և ակնկալում է էլ ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ Համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ ի շահ փոխադարձ հետաքրքրությունների և ի նպաստ մեր հասարակությունների և քաղաքացիների: