կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-26 13:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի սաղի հետ կռվել են․ Վանեցյանը՝ Փաշինյանի թիմի մասին

Երբ բակում երեխան մեծանում է, կռվում են, բարիշում են, ֆուտբոլ են խաղում, հեծանիվ են ունենում՝ ձևավորվում են մարդկային, ընկերական հարաբերություներ։ էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի չեն  կարողանում մարդկային հարաբերություններ ձևավորել մարդկանց հետ․ դուք նայեք՝ սաղի հետ կռվել են, նայեք՝ Վրաստանի հետ կռվել են, Իրանի հետ կռվել են, Ռուսաստանի հետ կռվել են, Չինաստանի հետ կռվել են, մենակ չեն կռվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որովհետև երեկվանից այս իշխանություններին պաշտպանում են բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը։ Փաշինյանի թիմի մասին այս մեկնաբանությունը «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանինն է՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բողոքի գործողություն ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասաց, որ երկրում ռազմական հեղաշրջումը անթույլատրելի է։

«Բայց եկեք ականջալուր լինենք Զինված ուժերի արած հայտարարություններին և հասկանանք, որ իրականում վտանգված է մեր երկրի ապագան։ Մեր Սահմանադրությամբ՝ ԶՈՒ ԳՇ-ն առանձնացված է, հստակ նշված է, որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով և ևս մեկ անգամ կարող է երկարաձգվել պաշտոնավարումը․ ինչո՞ւ է դա արված, որպեսզի Զինված ուժերը լինեն ապաքաղաքական, քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում ԶՈՒ ԳՇ-ն որևէ փոփոխության չենթարկվի, նրանց գործը մեր երկրի ֆիզիկական պաշտպանությունն է։ Երբ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարում է, որ մեր երկիրը վտանգված է, և այս իշխանությունները ի զորու չեն ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեր հանրությունը պետք է ականջալուր լինի դրան և սթափ գնահատի»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նկատեց, որ Զինված ուժերը հաջորդ քայլ չունի անելու, Զինված ուժերը իր քայլը արել է՝ հայտարարությունն արել է, և ինքը կարծում է, որ այդքանով պետք է սահմանափակվեն։

Վանեցյանը նաև նշեց, որ իրենք ունեն հստակ քայլերի հաջորդականություն, որոնց մասին խոսելը գտնում է ոչ նպատակահարմար տակտիկական առումով։

Անդրադառնալով շշուկներին, որ ԱԱԾ տնօրեն Աբազյանը իր հավատարմությունն է հայտնել Օնիկ Գասպարյանին, Վանեցյանն ասաց՝ իր համար ցավոտ թեմա է խոսել Ոստիկանության և ԱԱԾ-ի մասին, ուստի զերծ կմնա մեկնաբանությունից, ուղղակի կխնդրի իր գործընկերներին՝ ծառայել մեր պետությանը և առաջնահերթ առաջնորդվել բացառապես պետական շահի պահպանությամբ։

«Կխնդրեմ որևէ այլ քայլ չանել ո՛չ մեր օգտին, ո՛չ իշխանությունների։ Պետական շահից բարձր որևէ արժեք չկա»,-ասաց նա։

Հարցին՝ եթե այդպիսի աջակցություն հայտնի, արդյո՞ք կորակվի որպես քաղաքական քայլ, Վանեցյանն ասաց՝ թող հայտնի՝ ըստ տեքստի կահասկանանք։

Արթուր Վանեցյանը նաև վստահեցրեց, որ գերիների հարցը կարելի է լուծել 3 օրում՝ անձնական կապերի միջոցով և պետական լծակները օգտագործելով։

Մանրամասն՝ տեսանյութում․