կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 22:53
Հասարակություն

Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրադարձությունների հետ

Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրադարձությունների հետ

Արցախի ամբողջ տարածքն այսօր՝ փետրվարի 25-ին, հոսանքազրկվել է։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն ասաց, որ էլեկտրականությունն անջատվել է  ժամը 16։00-ից 17։00-ի սահմաններում եւ մինչեւ հիմա անջատված է։

««Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ Արցախը սնուցող կայանում վթար է տեղի ունեցել եւ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում»,- նշեց Պողոսյանը։

Մեզ հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը էլեկտրականության անջատումը պայմանավորեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։

«Շատ անգամներ ենք մտածել, որ ուղղակի համընկնում է, բայց, արդեն որ որերրորդ անգամն է, երբ Հայաստանում սպասվում է մեծ շարժում, այդ ժամանակ հոսանքազրկվում է ամբողջ Արցախը։ Իհարկե, մեկնաբանում են, որ վթար է տեղի ունեցել, ինչ-որ խնդիր կա, ու շատ երկար ժամանակով հոսանքազրկված է լինում ոչ միայն Արցախի ինչ-որ մի հատված, այլ ամբողջ տարածքը։ Այսօր էլ նույնը տեղի ունեցավ, երբ ընդդիմադիրները հայտարարեցին, որ ժամը 15։00-ին  հավաքվելու են Ազատության հրապարակում, րոպեներ չանցած Արցախը հոսանքազրկվեց։  Մինչեւ հիմա հոսանք չկա, քիչ առաջ  բաժանորդներին հաղորդագրություններ են ուղարկվել, որ հայցում են սպառողների ներողամտությունը եւ տեղեկացրել, որ հոսանքի անջատումը վթարի հետեւանքով է»,- ասաց Հակոբյանը։

«Արցախէներգո» ՓԲԸ-ից ժամկետներ չեն նշել, թե երբ է էլեկտրաէներգիան վերականգնվելու։ Մետաքսե Հակոբյանի խոսքով` ամենայն հավանականությամբ,  գիշերը եւս հոսանքն անջատված կլինի։ Ըստ նրա՝ Արցախում ցուրտ է, մոտ -7-ից -10 °C։

«Մեր փոքր Հանրապետության տարբեր շրջաններից մարդիկ պարբերաբար զանգում են, հետաքրքրվում իրավիճակով։ Գիտեք՝ այստեղ հիմա ամեն ինչը շատ լարված են ընդունում, շատերը մտածում են, որ նորից պատերազմ է լինելու, մի մասն էլ մեկնաբանում է, որ Արայիկ Հարությունյանն այս կերպ պատժում է ժողովրդին, որովհետեւ այսօր Արցախի հայությունը իրենց աջակցությունն են հայտնել հայոց բանակին, եթե ոչ արցախցին, ապա ո՞վ պետք է լինի հայոց  բանակի կողքին։ Այստեղ յուրաքանչյուրը գիտակցում է, որ մեր բանակը, զինվորը չի պարտվել, իրենք միշտ հաղթող են։ Հայաստանի վարչապետի հայտարարություններից հասկանալի է,  որ փորձում են դավաճանական գործողությունների հետեւանքով տեղի ունեցած պարտությունը բարդել բանակի վրա»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր  հայտարարություն է տարածել, որում պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը: Ըստ գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գլխավոր շտաբի հայտարարության ֆոնին Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը հավաքներ են կազմակերպել։