Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:
Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը:
Նշենք, որ փետրվարի 24-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է: Այս նախագծով վերջինս առաջարկում է փոփոխության ենթարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափը:
Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։