կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 18:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Մանուկյանը կոչ արեց ամեն մի թաղում ստեղծել կոմիտեներ, որոնց կենտրոնը կլինի Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանը հրատապ հանրահավաք է հրավիրել, քանի որ վերջին օրերին բացահայտված երկու փաստ նրան մղել են դրան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն։

Այդ երկու փաստից մեկն այն է, որ, պատահաբար պարզվեց, որ բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կա նաև գաղտնի ստորագրված՝ 6 կետանոց մի փաստաթուղթ:

«Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչո՞ւ ենք մենք կորցնում մեր սահմանները, ինչո՞ւ ենք կորցնում մեր ճանապարհները։ Ոմանք ասում էին, որ իշխանությունն ուղղակի պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ո՛չ, պարզվեց, որ կա ևս մեկ դավաճանական փաստաթուղթ»,-ասաց Մանուկյանը։

Նա պարզաբանեց, որ՝ զարմանալին այն է, որ պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, թե՝ նշված կետերը կատարվում են և պատերազմը կանգնում է, բայց հաջորդ փաստաթղթի 6 կետով թշնամին եկավ առաջ։

«Այսինքն, եթե այնտեղ գրված էր, որ՝ զորքերը կանգնած են մնում իրենց տեղերում, ապա այս հաջորդ գաղտնի փաստաթղթով՝ մեր զորքը Զանգելանից և Կուբաթլուից հետ նահանջեց դեպի Սյունիքի սահմաններ։ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Պարզվեց, ինքն ունի մի գաղտնի փաստաթուղթ մեր ժողովրդից»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Երկրորդ փաստը, որ Վազգեն Մանուկյանին դրդել է հրատապ հանրահավաք անցկացնել, այն է, որ երեկ տարածվեց նաև մի նոր հայտարարություն, որ՝ լրատվամիջոցները իրավունք չունեն գնալ Սյունիք ինքնակամ և պարզաբանել իրավիճակը։

«Դա նշանակում է՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ խաբելով տարան պարտության,  քանի որ մենք 44 օր մտածում էինք, որ մենք հաղթելու ենք, 44-րդ օրը պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք, փակել էին մամուլը, նույնը հիմա կատարվում է Սյունիքում՝ փակում են մամուլը»,-ասաց Մանուկյանը։

Նրա համոզմամբ, դա ցույց է տալիս, որ այս 6 կետով դեռ չենք բավարարվելու, դա նշանակում է, որ էլի կան պայմանավորվածություններ։

«Անկեղծ ասած՝ ինձ թվում էր, որ այս երկու փաստը՝ այդ 6 կետը և հայտարարությունը, որ մամուլը իրավունք չունի ճիշտ ինֆորմացիա տալ Սյունիքի մասին, ժողովրդին դուրս կբերեն փողոց։ Եվ ժամանակ առաջ տենց կլիներ, տարիներ առաջ այդպիսի փաստ լիներ՝ ամբողջ ժողովուրդը միանգամից դուրս կգար փողոց։ Բայց մեր ժողովուրդը այնքան հարվածներ ստացավ այս տարվա ընթացքում, որ արդեն, ոնց որ թե, այդ կամքը ջարդվել է, արդեն համակերպվում է ամեն ինչի հետ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա հայտարարեց՝ ես նորից ձեզ ասում եմ՝ զարթնե՛ք, մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ։

«Մի հոգի։ Այսպիսի բան մեր հազարավոր տարիների պատմության մեջ տեղի չի ունեցել, չենք ունեցել մենք այսպիսի բան։ Մենք պարտվել ենք պատերազմներում, հաղթել ենք պատերազմներում, երբեմն երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը, առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից ծախի պետությունը, այդպիսի բան մենք մինչև հիմա չէինք տեսել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նաև հայտարարեց, որ բոլոր այն բարձրաստիճան ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են։

«Մենք ասում ենք՝ մեր Ոստիկանությունը, դուք տեսա՞ք ոնց էին ջարդում ժողովրդին։ Խոսքը ոչ թե շարքային զինվորականների մասին է, որոնք կարգադրություններ են կատարում, խոսքը նրանց ղեկավարների մասին է»,-պարզաբանեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ դիմելու է Հայրենիքի փրկության շարժմանը, որ մյուս շաբաթվա ընթացքում մի օր Երևանից հարյուրավոր մեքենաներով գնան Սյունիք՝ մեր եղբայրներին հանդիպելու։

«Թող հազար մեքենա լինի, գնանք Սյունիք, մինչև ծայրը հասնենք, թող դիմացինը իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար»,-նշեց նա։

Շարժումը մեծ ուժ է, բայց այդ ուժը հիմնականում բաղկացած է կարգապահ կուսակցական շարքերից։ Դա բավարար չէ՝ ասաց Վազգեն Մանուկյանը։ Պետք է, որ ամեն մի թաղում, ամեն կոլեկտիվում, ամեն բնակավայրում ստեղծվեն կոմիտեներ։ Նա նշեց, որ կենտրոնը կլինի Ազատության հրապարակում։ Մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի հետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի հետևից, Ազատության հրապարկից կուղղորդվի ամբողջ շարժումը։

«Սա մեր շտաբն է, և մենք այս շտաբից կհեռանանք, երբ որ հեռանա Նիկոլը»,-հայտարարեց նա Ազատության հրապարակում։

Այս ամենից հետո, նրա խոսքով, փետրվարի 20-ին կանեն մեծ հանրահավաք, որտեղ վերջնականորեն կշտկեն ամեն ինչ։

Մանրամասն՝ տեսանյութում․