կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-14 12:20
Քաղաքական

Փաշինյանն այնպես արեց, որ Արցախի խնդիրն ինքնորոշման հարցից դարձավ տարածքային վեճ. Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել РБК-ին

Փաշինյանն իշխանության եկավ «նարնջագույն հեղափոխության» արդյունքում և ապացուցեց, որ ինքը ոչ կոմպետենտ առաջնորդ է: Ղարաբաղում մարտերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ էր հասկանում, թե ինչ է կատարվում ճակատում, թեև հնարավորություն ուներ կանխելու պատերազմը կամ վարելու այն այնպես, որ պահպաներ իր հիմնական դիրքերը. ռուսական РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

««Գունավոր հեղափոխությունների» ֆոնին՝ իշխանության են գալիս հիմնականում ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք պատրաստ չեն ղեկավարել կառավարությունը: Փաշինյանը հասարակությունը բաժանել է նախկինի և ներկայի՝ պառակտելով հասարակությունը: Նույնը Ուկրաինայում և այլ վայրերում է, որտեղ տեղի են ունեցել «գունավոր հեղափոխություններ»:

1992-1994թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք հաղթեցինք Ադրբեջանին, մեզ շատ օգնեց, որ այն գլխավորում էր Աբուլֆազ Էլչիբեյը: Այդ ժամանակ «գունավոր հեղափոխություն» տերմինը դեռ չկար, բայց նա մի անձնավորություն էր, որը հավատարիմ էր հենց այդպիսի տեսակետներին: Հիմա Ադրբեջանն օգտվել է այն փաստից, որ մենք ունենք մեր Էլչիբեյին»,- ավելացրեց Մանուկյանը:

Նա նաև կարծում է, որ եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության գլուխ, պատերազմը պարզապես չէր սկսվի: Փաշինյանը, ըստ Մանուկյանի, տապալել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, կատարել է մի շարք հայտարարություններ, որոնցից հետևել է, որ Ղարաբաղի խնդիրը տարածքային վեճ է, այլ ոչ թե ազգի ինքնորոշման հարց, և թույլ է տվել Ադրբեջանին՝ գալ այն եզրակացության, որ կարող է պատերազմ սկսել:

Իշխանության գալու դեպքում Մանուկյանն իր առաջնահերթություններն է համարումլ պետական անվտանգության վերականգնումը բանակի հզորացման և Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ներքին անվտանգության ամրապնդման միջոցով: «Հայաստանի դեմ սպառնալիքը գալիս է շահույթ չհետապնդող կազմակերպություններից: Այս բոլոր կազմակերպությունների հարցը պետք է լուծվի: Բոլորս հասկացել ենք, թե որքան վտանգավոր է թույլ տալ, որ դրսից ֆինանսավորվող շատ հասարակական կազմակերպություններ աշխատեն  երկրում, իսկ դրանք հսկայական դեր են խաղում Հայաստանում»,- ասել է Վազգեն Մանուկյանը: