կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 19:41
Քաղաքական

Վազգեն Մանուկյանի կոչով շտապ հավաք Ազատության հրապարակում. ՖՈՏՈՇԱՐՔ

Վազգեն Մանուկյանի կոչով շտապ հավաք Ազատության հրապարակում. ՖՈՏՈՇԱՐՔ

Զարթնե՛ք: Մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են: Այսպիսի բան մեր հազարավոր տարիների պատմության մեջ տեղի չի ունեցել: Պարտվել ենք պատերազմներում, հաղթել ենք, երբեմն երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն մինչ օրս չէինք տեսել:

Այսօր Սյունիքի պատերազմն է գնում, և Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է: Մեզ ասում են՝ Նժդեհի արձանը պետք է հանեք Մարտունիից: Նժդեհն այն մարդն էր, որը պահեց Սյունիքը: Ադրբեջանցիներն ուզում են Նժդեհի արձանը հանել, որովհետև իրենք են ուզում Սյունիքը վերցնել: Ու ես չեմ զարմանա, եթե մեր իշխանությունները հանեն այդ արձանը:

Դիմելու եմ Շարժմանը՝ Երևանից հարյուրավոր մեքենաներով գնանք Սյունիք մեր եղբայրների մոտ, որ դիմացինը հասկանա՝ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի կողքին:

Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն:

Եկեք պայմանավորվենք: Սա մեր կենտրոնն է: Այստեղից կուղղորդվի ամբողջ շարժումը:

Մենք այս շտաբից կհեռանանք, երբ հեռանա Նիկոլը:

Ամեն մի թաղում, ամեն մի կոլեկտիվում, ամեն մի բնակավայրում պետք է ստեղծվեն Շարժման կոմիտեներ: Ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները: Վիճեք, կազմեք խմբեր, կոմիտեներ, եկեք մեզ հետ խոսեք: Բազմաթիվ գործեր կան, մենք Նիկոլի հենարանը պիտի քանդենք:

Փետրվարի 20-ին մենք կանենք մեծ հանրահավաք, որտեղ վերջնականորեն կշտկենք ամեն ինչ: Բայց մինչ այդ ես կոչ եմ անում ամեն օր աշխատանքից հետո, ազատ ժամանակ գալ այստեղ:

Երեկ ես տեսա այն երեխայի նկարը, որ պահանջում էր իր հոր վերադարձը: Մեր ամենամեծ ցավն այսօր մեր գերիներն ու անհետ կորածներն են: Ամեն ինչով պետք է նրանց օգնենք:

Գլուխներդ բա՛րձր պահեք, դուք հաղթող ժողովուրդ եք: Մենք նորից պետք է վերականգնենք հաղթողի հպարտությունը, զգացմունքն ու բոցը:

Մեր ժողովուրդը մեծ ապագա է ունենալու: Ժպտացեք ու պայքարե՛ք...:

Վազգեն Մանուկյան