կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 19:22
Քաղաքական

Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար  Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին շրջանում, պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին, որում ներկայացվում է նաեւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում առկա վիճակը՝ հղում անելով ԱԱԾ-ից ստացվող տեղեկատվությանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալվել են 2 ադրբեջանցի զինծառայողները։

Սակայն այս միջադեպը որեւէ արտացոլում չի գտել ինչպես ՀՀ ՊՆ հունվարի 30-ի, այնպես էլ, դրան հաջորդող օրերին տարածված ամենօրյա հաղորդագրություններում։

Որեւէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում եւ նշում, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել այն պարագայում, երբ ադրբեջանցիներ են սահմանը հատել, արդյո՞ք դա միջադեպ չէ։

Նույն հաղորդագրության՝ ԱԱԾ-ին վերաբերող հատվածում եւս, այդ միջադեպի մասին ոչ միայն որեւէ բան չկա, այլ նշվում է, որ իրենց պատասխանատվության հատվածում եւս միջադեպ չի գրանցվել։

Ինչի՞ համար եք շաբլոն, ձեւական բնույթի հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը մոլորեցնելո՞ւ, իրականությունը կեղծելո՞ւ, մարդկանց հիմարի տեղ դնելո՞ւ, ձեր կառույցների հեղինակությունն ու առհասարակ, խոսքն արժեզրկելու համա՞ր։ Ե՞րբ եք վերջ տալու այս անլրջությանը»,- գրել է նա։