կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 11:33
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է պաշտոնյաների պատասխանատվությունը երկրի տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու գործում

Վրաստանում հաստատվել է պաշտոնյաների պատասխանատվությունը երկրի տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու գործում

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հաստատել է երկու պաշտոնյայի՝ ԱԳՆ-ից՝ Իվերի Մելաշվիլիի և ՆԳՆ–ից՝ Նատալյա Իլիչևայի պատասխանատվությունը, որոնց գործողությունները Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում վնաս են հասցրել երկրի ազգային շահերին: Գործն ուղարկվել է դատարան. հաղորդում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը:

Վրաստանի գլխավոր դատախազության ճեպազրույցի ընթացքում հայտարարվել է, որ «իրենց վերադասների ցուցումով», որոնց անունները դեռ չեն հրապարակելու, այդ անձինք նպատակաուղղված կիրառել են քարտեզագրական նյութեր, որոնք սպառնալիք են ստեղծել և հնարավոր դարձրել, որ Վրաստանը կորցնի 3500 հեկտար  տարածք վիճահարույց Դավիդ Գարեջի վանական համալիրի շուրջը: Մասնավորապես՝ գլխավոր դատախազությունն այս գործի առնչությամբ ունի Իվերի Մելաշվիլիի՝ «Վրաստանի շահերի դեմ» բանակցությունների տեսագրություններ և աուդիո ձայնագրություններ:

Պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններն անցկացվել են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի պաշտպանության նախարարության բողոքարկման հիման վրա՝ կապված Վրաստանի տարածքային շահերի դեմ համաձայնագրի նկատմամբ կասկածների հետ: Վրաստանի քրեական օրենսգրքի «Տարածքային ամբողջականության խախտում» հոդվածի համաձայն`նախատեսված պատիժը 10-15 տարի ազատազրկումն է: Ավելի վաղ հետաքննությանը արձագանքել էր Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Սահակաշվիլին՝ ասելով, որ Վրաստանում պատրաստվում են մեղադրել իրեն վրացական հողերը Ադրբեջանին «30 կամ 80 միլիոն դոլարով» վաճառելու մեջ:

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և, ի տարբերություն Հայաստանի, որն իր սահմանազատման աշխատանքներն իրականացնում է GPS–ով, նրանց միջև համաձայնեցված է պետական սահմանի միայն 64%-ը, որի ընդհանուր երկարությունը 480 կմ է: Պարբերաբար վեճեր են ծագում երկու երկրների սահմանապահների միջև՝ հիմնականում կապված 6-րդ դարի վանական համալիր վրաց ուխտավորների այցի հետ:

Վրացի գործարար Դավիթ Խիդաշելին արտասահմանյան արխիվներում հայտնաբերել է 1930-ականների քարտեզներ, գնել դրանք, և այժմ Վրաստանը կարող է չկորցնել վանքը:

Հիշեցնենք, որ երկու երկրները տարաձայնություն ունեն վանական համալիրի հետ կապված։ Վրացական վանքի բռնազավթումը սկսվել էր 2019 թ. ամռանը։ Ադրբեջանցիները վանքի մոտակայքում կառուցել էին սահմանապահ ծառայության նոր հենակետ և իրականացնում էին մշտական վերահսկողություն։

Երկու երկրների անկախացումից հետո չի իրականացվել սահմանների ամբողջական սահմանագծում։ Գարեջիի վրացական պատկանելությունը աներկբա է, սակայն ադրբեջանցիները, ինչպես «ընդունված» է, հայտարարում են, որ «վանական համալիրը աղվանական մշակույթի մաս է, իսկ այս լարված իրավիճակը հայերի ձեռքի գործն է, որոնք ցանկանում են փչացնել վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»։