կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 15:59
Տարածաշրջան

Էրդողանն իր փեսա Ալբայրաքին նոր պաշտոնում կնշանակի

Էրդողանն իր փեսա Ալբայրաքին նոր պաշտոնում կնշանակի

Թուրք լրագրող Լևենթ Գյուլթեքինի խոսքով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաշտություն է կնքել իր փեսայի՝ Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի հետ և նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում նրան նշանակել նախագահական պալատում նոր պաշտոնի:

«Վերջերս լսել եմ, որ Էրդողանը մտադիր է վերափոխումներ իրականացնել նախարարների խորհրդում: 10-15 օրվա ընթացքում փեսա Ալբայրաքը կնշանակվի նոր պաշտոնի»,- Գյուլթեքինին մեջբերում է Turkish Minute-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ Ալբայրաքն անսպասելիորեն հայտարարել էր ֆինանսների և գանձապետարանի նախարարի պաշտոնից հեռանալու մասին՝ որպես պատճառ նշելով իր առողջական վիճակը:

Էրդողանի դստեր՝ Էսրայի հետ ամուսնացած 42-ամյա նախարարի պաշտոնաթողության մասին տեղեկությունները չեն հաղորդվել իշխանամետ լրատվամիջոցներում, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնյաները լռել են այդ հարցի շուրջ, մինչ նախագահը նոյեմբերի 9-ին ընդունել է հրաժարականը:

Հաղորդվում է, որ Ալբայրաքը վրդովվել էր Ռազմավարության և բյուջեի կոմիտեի ղեկավար Նաջի Աղբալին ԿԲ նախագահ նշանակելու՝ Էրդողանի որոշումից: Հայտնի է, որ նա և Աղբալը տարաձայնություններ ունեին տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ:

Այդ ժամանակից ի վեր նախագահի փեսան չի հայտնվում հասարակության առջև, ինչը ենթադրություններ է առաջացնում նրա գտնվելու վայրի վերաբերյալ: Ոմանք պնդում են, որ նախկին նախարարը մեկնել է արտերկիր, իսկ ոմանք ասում են, որ նա մեկուսացել է Սև ծովի ափին գտնվող Տրապիզոն քաղաքի՝ իր ամառանոցում: