կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-14 17:13
Հասարակություն

Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպվել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա միջոցառումը

Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպվել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա միջոցառումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Ամանորյա հրաշքը նաև մարզերում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը նախաձեռնել է տիկնիկային թատերախմբի այցեր  դեպի ՀՀ մարզեր ու համայնքներ:

Ծրագրի շրջանակում, սույն թվականի հունվարի 13-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի մանկապատանեկան թատերախումբը հյուրընկալվեց նաև Գյումրիում: Ամանորյա ուրախ միջոցառմանը ներկա էր շուրջ 100 երեխա Գյումրիից և հարակից մի քանի համայնքներից: 

Մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալներ, մուլտհերոսներ, հեքիաթային կերպարներ և հյուրասիրություն: Իսկ ամենամեծ անակնկալը Ձմեռ պապի և Ձյունանուշի այցն էր. երեխաներն անձամբ ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում:

«Ե´վ մեր, և´ երեխաների համար մեծ բավականություն էր, կարողացանք ինչ-որ կերպ կտրվել մեր առօրյայից: Երեխաների համար մեծ անակնկալ էր ներկայացումն ու Ձմեռ պապից նվերներ ստանալը: Մեր բալիկների սիրելի Ամանորն իսկապես տոն դարձավ»,- ասաց Գյումրիի բնակիչ Արմինե Ղալաչյանը:

Տիկնիկային  թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանն էլ հավելեց. «Այս երեխաներն են մեր վաղվա օրն ու ապագան: Յուրաքանչյուրս իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքի մեջ և անհոգ ու ուրախ մանկություն»:

Թատերախմբի հաջորդ խոշոր կանգառը Դիլիջանն էր, որտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի, Իջևանի, Տավուշի մարզի այլ համայնքներում բնակվող 100-ից ավելի երեխա:

«Այն ժպիտներն ու բարձր տրամադրությունը, որով հեռանում են փոքրիկները, բոլորիս մեջ հույս է արթնացնում, որ այս  պայծառ բալիկները լցվելու են կյանքով ու եռանդով, շարունակելու են երազել ու հասնել դրանց: Մենք էլ փորձելու ենք հնարավորինս շատ երեխաների պարգևել ամանորյա հրաշքը, որպեսզի նրանք չունենան ուշադրության ու ջերմության պակաս հատկապես այս օրերին»,- նշեց Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:

«Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 10-ից ավելի ներկայացում Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1000 երեխա, որոնց մեծ մասը զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են: