Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն կան այնպիսի անդառնալի կորուստներ, որ հետ բերելը դառնում է բավականին դժվար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը մամուլի ասուլիսում:
Նա վստահ է, որ նույնիսկ վարչապետի փոփոխությունը շատ կարճ ժամկետում չի կարող մեծ փոփոխություններ բերել հենց այս պատճառով։
«Շատ է հարցադրում հնչում, որ եթե այս իշխանությունը գնա, կարո՞ղ է նախկինը գալ, սակայն այսօր կա իշխանություն, որը երկիրը հասցրել է այնպիսի ողբերգական կետի, որ անհնար է պատկերացնել մեկ այլ մարդու պարագայում»,-ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը համարում է, որ այս պարագայում ուղղակի չկա այլ ելք, քան իշխանության հեռացումը։
«Ես չեմ կարծում, որ վաղը գալու է մի մարդ, որը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, քան այսօրվա իշխանությունը: Պետք է գա մի մարդ, կամ պետք է գան թիմեր, խմբեր, որոնք ունակ են խնդիրներ լուծելու, որոնք ի վիճակի են իրավիճակը գոնե որոշակի առումով մեղմելու»,-ասաց նա:
Նա կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի պայմանավորվածություններ, որոնք չի իրականացրել, իսկ դրա գինը, կարծում է, նրան տրված անվտանգության երաշխիքներն են:
«Նա այս պարագայում անելու է այն, ինչ իր առջեւ դրվելու է արտաքին ուժերի կողմից, որոնք շահագրգռվածություն ունեն մեր տարածաշրջանում: Հայաստանն ու Արցախը դարձել են ռազմաճակատային թատերաբեմ եւ ցանկացած իրավիճակում բավականին մեծ ռիսկեր կան: Ամենամեծ խնդիրն այն է, որ տուժող կողմը լինելու են Հայաստանն ու Արցախը»,-ասաց նա:
Տիգրան Աբրահամյանին հստակ նկատելի է պայմանավորվածությունների հետագիծ։
«Վարչապետը նշում էր, որ իրավիճակն է դրան հասցված եղել, նաեւ փորձում էր ցույց տալ, թե 25 հազար շրջափակված մարդկանց էր փրկում: Իրականում, իր հայտարարություններից բխում է, որ կա պայմանավորվածություն, անկախ նրանից՝ դա վախի՞ արդյունք է, թե՞ անձնական անվտանգության ապահովման, դա կարեւոր չէ: Նա արդարացնում է այն ամենը, ինչը անկարելի էր թվում 2 ամիս առաջ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանը խոսեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Արցախում լինելու մասին։ Նա նշեց, որ Քյարամյանն Արցախում եղել է նաև պաշտոնանկությունից հետո։
Աբրահամյանի խոսքով՝ Քյարամյանն Արցախում ուղեկցել է նախկին ու ներկա տարբեր պաշտոնյաների և անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր։
«Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, բայց, ամեն դեպքում, ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել տեղեկատվությունը, թե ինչո՞ւ է պատերազմի ընթացքում Քյարամյանին ազատել պաշտոնից, դա բավականին կարևոր տեղեկատվություն է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․