կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 11:13
Հասարակություն

Տավուշում ջրից տուժած 7 բնակչի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե

Տավուշում ջրից տուժած 7 բնակչի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հանյտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այս պահին հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը:

Հետազտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին:

Այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են:  Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր  հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով:

Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ: