կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 18:45
Քաղաքական

Թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ՝ մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք. Մեղրիի փոխքաղաքապետ. 168.am

Թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ՝ մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք. Մեղրիի փոխքաղաքապետ. 168.am

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր, այցի մասին նա նախապես հայտնել էր եւ գրառում կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կայցելի Մեղրի, Սիսիան, Կապան, Գորիս։ Սակայն նրա այցը սահմանափակվել է միայն Սիսիան այցով, քանի որ սյունեցիները փակել էին Կապան-Տաթեւ ճանապարհը։

Սյունեցիները նախապես հայտարարել էին, որ թույլ չեն տալու երկիրը թշնամուն հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք։

168.am-ի հետ զրույցում Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանն ասել է, որ իրենք Կապան-Տաթեւ ճանապարհին սպասում էին, որ վարչապետը կգնա այնտեղ ու իրենց հարցերին կպատասխանի։

«Նիկոլ Փաշինյանը մեզ մոտ չեկավ, հետ գնաց՝ արհամարհելով այդքան ժողովրդի։ Նա իրեն դրսեւորեց այնպես, ինչպես միշտ է դրսեւորել, եկավ, մտավ Սիսիան, այնտեղ, որտեղ հնարավոր էր աջակցության որեւէ նշույլ ստանալ, այն էլ՝ կազմակերպված ձեւով։ Նա նախապես հայտարարել էր, որ գալու է Սյունիք, քաղաքներն էլ նախապես նշել էր, բայց չեկավ, չգալն էլ կապված էր նրա հետ, որ մեր հարցերի պատասխանները չուներ, երկրորդը՝ թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ, այսինքն՝ հրմշտոցով, մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք»,- նշել է Արմեն Սամվելյանը։

Նա նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում՝ որեւէ հիմնավորում չունի, եւ դրա հիմնավորումը վարչապետը չէր կարող ներկայացնել իրենց։ Ավելին՝ անձամբ փորձել է բազմաթիվ պատկան մարմիններից ստանալ սյունեցիներին հուզող այն հարցի պատասխանը, որ, եթե մարդկանց արյան գնով պահված հողը նշված չէր նոյեմբերի 10-ի համաձայնագրում, ինչու են տալիս թշնամուն։

«Այդ համաձայնագրի առաջին կետում նշված էր, որ երկու կողմերի զորքը կանգնում է  այն դիրքերում, որտեղ նոյեմբերի 10-ին կանգնած է եղել։ Երկրորդ կետում նշված էր այն շրջանները, որոնք պետք է հանձնվեին, այնտեղ որեւէ խոսք չկար Կուբաթլուի եւ Զանգելանի մասին։ Ի՞նչ հիմքով, ի՞նչ որոշմամբ ու պատճառաբանությամբ այդ տարածքները հանձնվեցին, այս հարցի պատասխանը ես մինչեւ հիմա չեմ ստացել։ Ինչ-որ բաներ են պատմում, թե սա Սյունիքի համար առավել ապահով պայմաններ է, ճիշտ հասկացեք՝ սյունեցին իրեն ապահովել էր, ուներ բուֆերային զոնա, այն պահել էինք տղաների արյան գնով։ Եթե նախապես պայմանավորվել էին, որ այդ տարածքները պետք է հանձնեն, դրա մասին գրված չէր, ամեն դեպքում այդ ամենը ժողովրդին հասանելի չէր։ Լավ, ինչքա՞ն շարունակենք մեր հողը զիջել։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ սյունեցին նոր «անկնկալներ» է սպասում, այսինքն՝ մենք չգիտենք՝ վաղը ինչ բոթ ենք լսելու, ինչ նոր տարածքների հանձնում կլինի։ Սյունեցին իր սարերի նման միշտ կանգնած է եղել, առողջ է մտածել ու դատել։ Բայց այս պարագայում որեւէ տրամաբանություն չկա»,- հավելել է Մեղրիի փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ սյունեցիների համար վաղվա օրն անորոշ է, եւ չգիտեն՝ այս շարունակությունն իրենց ուր է տանելու։

«Մենք պետք է համախմբվենք ու պահենք այն, ինչ ունենք, համախմբվելը որպես կատեգորիա չեմ ասում։ Սա մեր ժողովրդի համար օրհասական պահ է, այլընտրանք չունենք՝ համախմբվելուց բացի։ Այս պառակտված վիճակում ամեն օրը մեզանից է գնում, հավատացեք, ես դա տեսնում եմ, որքա՞ն այսպես պառակտված լինենք, այնքան չենք կարողանալու մեր մեջքը դզել»,- եզրափակել է Արմեն Սամվելյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչեւ դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետեւ ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաեւ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաեւ՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ: