կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 00:12
Քաղաքական

ՄԻԵԴ-ը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ պահանջների շուրջ միջանկյալ միջոցների կարեւորությունը

ՄԻԵԴ-ը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ պահանջների շուրջ միջանկյալ միջոցների կարեւորությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր անվան ներքո ստացված միջպետական հայցերի շրջանակում նոր դիմումների շուրջ: Հայտարարության մեջ նշվում է, որ դատարանը հաստատել է այդ գործերի միջանկյալ միջոցների կիրառման կարեւորությունն ու մերժել Ադրբեջանի կառավարության խնդրանքը դրանք հերքելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայիս ուսումնասիրությունը պայմանավորված էր 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից ստացված վերջին դիմումով: Դրանում Ադրբեջանի կառավարությունը խնդրել է ՄԻԵԴ-ին դադարեցնել միջանկյալ միջոցների մասին գործի ընթացքը, քանի դեռ հայցորդները չեն ապացուցել, որ նրանք դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին վերհանված հարցերն ամբողջովին վերաբերում են միջազգային հումանիտար իրավունքին եւ որ որոշ հայցորդներ չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, ինչպես նաեւ իրենց պնդումները, որ գոյություն ունի գերիներին անդառնալի վնաս հասցնելու իրական վտանք:

Այդ առնչությամբ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ին կայացրած իր որոշման մեջ նշել է, որ «ներկայում եկել է եզրահանգման, որ 2020 թվականի սեմտեբերի 29-ից ընդհանուր ժամանակավոր միջոցը, պետք է մնա՝ որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում նրանց պարտավորությունների մասին»: Այդ պատճառով դատարանը «մերժել է այդ միջոցը չեղարկելու մասին Ադրբեջանի կառավարության դիմումը»:

Հետեւաբար, դատարանը «հաստատել է ընդհանուր միջանկյալ միջոցը եւ վճռել շարունակել ենթադրյալ գերիների մասին խնդրանքները դիտարկելու շուրջ դիմումները»: Դատարանը հիշեցրել է երկու կողմերին, որ նրանք պարտավոր են պահպանել բոլոր միջոցները, որոնք սահմանված են միջանկյալ միջոցների մասին դատարանի կանոնադրության 39-րդ կանոնի համաձայն: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՄԻԵԴ-ը «կվերահսկի այդ ընթացակարգերը»: