Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթի առաջին կանգառը ՀՀ գլխավոր դատախությունն էր՝ հայտնում է Yerkir.am-ը։
Շարժման իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը դատախազություն փոխանցեց նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Նամակում մի քանի հարցադրում էր, որոնց պատասխանները ցուցարարները ակնկալում են ստանալ մինչև վաղը ժամը 17։00-ն․ նրանք այդքան ժամանակ տվեցին Արթուր Դավթյանին։
Ղազինյանը հրապարակավ կարդաց նամակը․ «Սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, որում մանրամասն տեղեկություններ են նշվել ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի՝ այդ թվում 299, այն է՝ դավաճանություն՝ նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ։ Հաջորդ օրը ձեր կողմից ինձ ուղղված պատասխան գրության մեջ հայտնվել է, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ քր․ օր 308 հոդվածի 2-րդ մասով՝ այն է՝ պաշտոնեական դիրքի լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքներ։
Այդ գործը վերաբերում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարաքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ ՊՆ նորմերին, կանոնակարգումներին, բացասական նշանակություն ունեցել ԶՈՒ կազմի վրա, ինչպես նաև վերջնական առումով ազդել պատերազմի ելքի վրա։
Մովսես Հակոբյանը 2020 թ նոյեմբերի 19-ի իր հարցազրույցում այլ աղմկահարույց բացահայտումների հետ մեկտեղ հայտնել է, որ 2020 թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արձակվել է հրաման, որով կանգնեցվել է ՀՀ զինված ուժերի լրահամալրումը։ Փոխարենը առաջնագիծ են ուղարկվել կամավորականներ, ինչի հետևանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված և վիրավորված անձնակազմի լրահամալրումը չի իրականացվել։
Նկատի ունենալով վերը շարադրված քրեական գործով հանրային աննախադեպ լայն պահանջը, հաշվի առնելով իշխանությունների խոստումը՝ մի շարք քրեական գործերով օբյեկտիվ և թափանցիկ նախաքննություն իրականցնելու վերաբերյալ, պահանջում ենք հանձնարարել մինչև վաղը ժամը 17։00 տրամադրել հետևյալ տեղեկատվությունը․
1․ Հիշատակված քր․ գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ․ եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով է նա հարցաքննվել և նաև ի՞նչ է հաջողվել պարզել, իսկ եթե չի հարցաքննվել, ապա խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ պատճառով դա տեղի չի ունեցել,
2․ Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը դատաքննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ․ եթե այո, ապա ի՞նչ է պարզվել դրա արդյունքում, եթե ոչ, ապա ինչո՞ւ չի դարձել,
3․ Առգրավվե՞լ է արդյոք Մովսես Հակոբյանի հիշատակած՝ թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է 5 մարտական գունդ, դադարեցվել է ՀՀ զինված ուժերի շարքերի լրահամալրումը, եթե ոչ, ապա ինչու՞։
4․ Պարզվել է արդյո՞ք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը, ով ինչ կարծիք է հայտնել դրա վերաբերյալ: Հիշված հարցի շուրջ հարցաքննվե՞լ է արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, թե՞ ոչ,
5․ Դարձել է արդյո՞ք քննության առարկա այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից ներկայացված՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսների սակավության պատճառով տագնապային կանխատեսումների, այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը մի կողմից դադարեցնում էր զորքերի լրահամալրման գործընթաց, մյուս կողմից կոչ էր անում ձևավորել կամավորական ջոկատներ՝ կանոնավոր բանակից անցում կատարելով կամավորական պայքարի։ Ի՞նչ նպատակ է հետապնդել և ու՞մ շահերից է բխել թիվ 00038 հրամանը»։
Արթուր Ղազինյանը նշեց, որ այս հարցերը նախաքննական գաղտնիք չեն պարունակում, հետևաբար մինչև վաղը ժամը 17։00 սպասում են դատախազության արձագանքին։
Մանրամասն՝ տեսանյութում․