կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 14:24
Քաղաքական

Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին

Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am-ին տեղեկացրեց Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:

«Բաժին բերման ենթարկելուց  հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,- Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա նշեց նաև, որ, չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվեցին նաև իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ և հանդարտեցրին իրավիճակը: 

«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու և ինձ հանդիպելուց ուր են փախչելու»,- հավելեց Գ. Վարդանյանը: 

Հիշեցնենք՝ Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Խոչընդոտողների մեջ  նրանք նկատեցին նաև Արարատի մարզպետի օգնականին և ասացին, որ նրանք սադրիչներ են։

Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։