կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 16:42
Իրավական

Բաժնում ոստիկանները ծեծել են ու ստիպել, որ խոստովանի. հաղորդում

Բաժնում ոստիկանները ծեծել են ու ստիպել, որ խոստովանի. հաղորդում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

Այսպես, գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իրենց ապօրինի պահել են տևական ժամանակով: Բացի այդ, նույն օրը` ոստիկանության Սպիտակի բաժնում գտնվելու ընթացքում, ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրենց` պահանջելով խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը: Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն հայտնել են, որ վախի ազդեցության տակ գտնվելով` համաձայնվել և խոստովանական ցուցմունքներ են տվել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Երևանի բնակիչ Տ. Ք.-ն հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի մասին: Այսպես, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով 14.08.2017թ.-ին Տ. Ք.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ազատ արձակվելուց հետո բուժօգնության է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղ նրա մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ` սալջարդերի և արյունազեղումների տեսքով: Տ. Ք.-ն բժշկական կենտրոնում հայտարարել է, որ նշված մարմնական վնասվածքներն ստացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ծեծի ենթարկվելու հետևանքով:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: