կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 16:10
Հասարակություն

Ինչու Աղավնաձորի ուսումնաբազայում ապաստանած արցախցիներին թույլ չեն տալիս դուրս գալ տարածքից

Ինչու Աղավնաձորի ուսումնաբազայում ապաստանած արցախցիներին թույլ չեն տալիս դուրս գալ տարածքից

Yerkir.am-ն ահազանգ է ստացել, որ Երևանի պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ապաստանած արցախցիներին թույլ չեն տալիս դուրս գալ տարածքից։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով, նրանց զգուշացրել են, որ եթե անգամ մեկ օրով Երևան գան, ապա կզրկվեն կացարանից։

Մեզ հետ զրույցում ուսումնաբազայի տնօրեն Մարտին Մելքոնյանը չհերքեց տեղեկատվությունը՝ շեշտելով, որ այն մասամբ է համապատասխանում իրականությանը։

-Պատերազմը սկսվելուց հետո արդեն երկու ամիս է, որ մեր հարկի տակ ապաստան ենք տվել 200 արցախցիների։ Այս պահին մնացել են մոտ 50-ը։ Մի մասն արդեն վերադարձել է Արցախ, ովքեր էլ Երևանում մնալու տեղ ունեին՝ բարեկամների տանը,  ցանկություն են հայտնել գնալու, դիմում են գրել, իրենց բարեկամները եկել ու տարել են։

- Մեր տեղեկություններով՝  Ձեր կառույցում ապաստանած արցախցիներին թույլ չեք տալիս անգամ դուրս գալ տարածքից։

- Հիմնականում տարեցներ են, օրինակ՝ կան հիշողության հետ կապված խնդիր ունեցող տարեցներ, որ ասում են՝ ինձ թողեք՝ ես գնամ։ Բայց ո՞ւր գնա, եթե գնալու տեղ չունի, եթե հասցե չի նշում։ Մեր հիմնարկը Նորքի տուն-ինտերնատին կից ՊՈԱԿ է,  որը պատկանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Արցախցիներին ապաստան տալու համար ֆինանսավորումը ստանում ենք այդ կառույցից և հաշվետու ենք նրան։

- Ասում են, որ նրանց անգամ մեկ օրով էլ թույլ չեք տալիս Երևան գնալ։ Ասել եք, որ Երևան գնալու դեպքում կզրկվեն կացարանից։

- Այո, քանի որ մեզ մոտ կարանտինային ռեժիմ է՝ կորոնավիրուսով պայմանավորված։

- Այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածնե՞ր կան ձեզ մոտ։

- Ոչ, պարզապես քանի որ հիմնականում տարեցներ են, կորոնավիրուսով պայմանավորված՝ նրանց դուրսուներսը սահմանափակված է։ Անգամ խանութ գնալ թույլ չենք տալիս. ունենք  սոցիալական աշխատող, ինչ հարկավոր է նա գնում է խանութից ու բերում տալիս իրենց։ Խնդիրը զուտ կորոնավիրուսով վարակվելու մտավախությունն է, քանի որ նրանք ռիսկային խմբում են։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը