Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: «Անկախ»-ը տեղեկացրել էր, որ խորհրդի անդամներից շատերը ցանկություն չեն հայտնել մասնակցել հանդիպմանը, որոշներն էլ մասնակցել են՝ Նիկոլ Փաշինյանի երեսին ասելու ճշմարտությունը և ստեղծված իրավիճակ հետ կապված հարցադրումներ անելու նպատակով:
Մեր տեղեկություններով՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներից 12-13 հոգի: Հիշեցնենք, որ խորհրդի կազմը կազմված է 45 հոգուց:
Հանդիպումը շատ բուռն է անցել, տևել է 3 ժամ: Հետաքրքիր է, որ շուրջ 3 ժամ տևած հանդիպման վերաբերյալ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Հանրային խորհուրդը մինչ այս պահը որևէ հաղորդագրություն չեն տարածել:
Ինչևէ, «Անկախ»-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել այդ հանդիպումից: Պարզվում է՝ ՀԽ անդամները շատ սուր հարցեր են բարձրացրել, իսկ նրանցից ոմանք ուղիղ տեքստով պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Չափազանց սուր ելույթ է ունեցել Գագիկ Գինոսյանը: «Անկախ»-ի հետ զրույցում Գինոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ, այլ ֆեյքերի վարչապետն է, և այդ մասին երեկ ուղիղ ասել է նաև նրան:
«Ինչ-որ պետք էր, երեսին ասել եմ, շատ բան եմ ասել ու դուրս եմ գալիս Հանրային խորհրդից»,- ասաց նա:
Ի դեպ, Փաշինյանը բոլոր ելույթներին անդրադարձել է և միայն Գինոսյանին արձագանքել է, թե բան չունի նրան ասելու:
Չափազանց սուր է խոսել նաև Արշակ Սադոյանը: Նա նույնպես բարձրացրել է Փաշինյանի հրաժարականի հարցը: Ընդ որում, երբ խորհրդի անդամները շեղվել են բուն պատերազմի ու հրաժարականի թեմայից և փորձել այլ հարցեր քննարկել, Սադոյանը հորդորել է վերադառնալ հիմնական հարցին՝ պնդելով, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ իր սխալ որոշումների հետևանքով է նման խայտառակ պարտություն գրանցվել:
Ի պատասխան հրաժարականի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաև իրենց կուսակցությունում: «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:
Ի դեպ, Փաշինյանն ասել է, թե այսօր էլ ժողովուրդն իրեն սատարում է, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանը վրդովված հարցրել է, թե որտեղի՞ց իրեն նման վստահություն, հանրաքվե՞ է արել, որ նման բան է հայտարարում:
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքել է, թե եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, ինչին ի պատասխան՝ Արշակ Սադոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ անփոխարինելի չէ:
Ի վերջո Սադոյանն այնքան է բարկացել, որ Փաշինյանը նրան առաջարկել է դուրս գալ, ծխել, հանգստանալ և վերադառնալ: Սադոյանը դուրս է եկել, բայց չի վերադարձել քննարկմանը:
Աղբյուրը՝ Ankakh.com