Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
«Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ դեսպանատունը հիշեցրել է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: