Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք մտավորական, Ֆրանկֆուրտում արդեն 20 տարուց ավել գործող «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը մասնակցել է Շտուտգարտում կազմակերպված ցույցին և հանդես եկել երկրորդ Հայոց ցեղասպանությունը կանխելու և Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչերով։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ֆեյսբուքյան էջում հայտնել է Ալի Էրթեմը՝ հրապարակելով նաև իր ելույթի տեքստը, որում բացառապես կիրառում է Արցախի Հանրապետություն (այլ՝ ոչ թե Ղարաբաղ) արտահայտությունը։
Աղբյուրի համաձայն՝ թուրք մտավորականը ցույցի ընթացքում մասնավորապես նշել է․ «Թուրքիայի Հանրապետության՝ Մերձավոր Արևելքում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելքում վերջին տարիներին վարած և հետզհետե սաստկացած նեո-օսմանիստական, ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությանը մի օղակ ևս ավելացավ, այս անգամ՝ Կովկասում։ Սեփական քաղաքական նպատակները հետապնդող Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքված ջիհադիստական ահաբեկչական խմբերի վարձկանների հետ մեկտեղ Ադրբեջանի բանակը մի լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Այս հարձակման նպատակը թե Արցախի ժողովրդին ազատությունից զրկելն է, ինչպես նաև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը վերացնելը, և թե Հայաստանի Հանրապետությանն ահաբեկելով՝ Ադրբեջանի բռնապետ Ալիևի ընտանեկան օլիգարխիան ամրապնդելը։ Բացի այդ, ինչպես երևում է, Թուրքիան հույս ունի, թե այդպիսով առուծախի առարկա կդարձնի այս հարցը՝ այլ շրջաններում իր կրած բացթողումների դիմաց։
Անցյալ տարի ևս Թուրքիան Սիրիայից իսլամիստական-ջիհադիստական վարձկանների էր ընդգրկել Լիբիայի պատերազմի մեջ։ Վստահելի մամլո աղբյուրներ հաղորդում են, թե Թուրքիան վաղուց էր ծրագրել Հայաստանի և Արցախի վրա հարձակումը և նախապատրաստվել դրան։
Կասկած չկա, որ այդ ամենի հետին պլանում երիտթուրքերի ժառանգորդ իսլամիստական-թյուրքիստական Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցություններից բաղկացած կառավարության այն քաղաքականությունն է, ըստ որի, Կովկասում հայկական գոյությունը վերացնելով, ցանկանում են իրականացնել «Մեծ Թուրանի» ծրագիրը, ճիշտ այնպես, ինչպես Ցեղասպանության և աքսորների միջոցով դա 100 տարի առաջ փորձել է անել պանթյուրքիստ-թուրանիստ Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներից կազմված կառավարությունը։
Որքան որ անհեթեթ են նրանց մտադրությունը և տրամաբանությունը, նույնքան էլ՝ վտանգավոր այդ հարձակումներն ու մեր ժողովուրդների համար գոյացած վտանգը։ Եթե միջազգային հանրությունը լուրջ չընդունի այս հարձակումը և չկանգնեցնի այն, ապա Հիտլերի ֆաշիզմի նման՝ թուրք-իսլամական ֆաշիզմը ևս հրդեհի պես կծավալվի Մերձավոր Արևելքում, Միջերկրածովյան շրջանում, Բալկաններում ու Կովկասում։
«Թուրքիա-Ադրբեջան-ջիհադիստներ» ավազակախմբի հարձակումների մասին զգուշավոր խոսքերը, հատկապես՝ Թուրքիայի չարագուշակ դերն անտեսող հայտարարությունները շատ հեռու են համոզիչ լինելուց։
Ներկայում Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման համայնապատկերում նկատելի է, որ թուրքերն ու ադրբեջանցիները հարձակվում են նաև խաղաղ բնակավայրերի վրա, որը չի համապատասխանում Ժնևի կոնվենցիայում և Մարդու իրավունքների կոնվենցիաներում նշված նորմերին։ Որպես ռազմական հանցագործությունների հետևանք՝ արդեն իսկ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են տուժել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ՝ միջազգային հանրությանը, կառավարություններին, մարդու իրավունքների կազմակերպություններին կոչ ենք անում ջանքեր գործադրել Արցախի և Հայաստանի դեմ ձեռնարկված այս զինված հարձակումներն անմիջապես կանգնեցնելու ուղղությամբ։ Այս ագրեսիայի դեմ վճռական դիրքորոշում ցուցաբերելու և տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը վերահաստատելու համար ազդեցիկ կլինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Այդ պատճառով աշխարհին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքը երաշխավորման»։