կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 15:06
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրեր անց ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին․ Իվետա Մուկուչյանը ռեպորտաժ է նկարահանել Արցախի հանձնված տարածքներից

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրեր անց ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին․ Իվետա Մուկուչյանը ռեպորտաժ է նկարահանել Արցախի հանձնված տարածքներից

Միջազգային բեմերում Հայաստանի դրոշը պատվով ծածանած երգչուհի Իվետա Մուկուչյանն այս օրերին մի կողմ դնելով երգարվեստում իր առաքելությունը մեկնել է Արցախ՝ ՀՀ վարչապետի կողմից ստորագրված կապիտուլյացիայի արդյունքում մի քանի օրից վերջնականապես թշնամուն հանձնած քաղաքներում ու գյուղերում իրավիճակն արձանագրելու։ Երգչուհին մի քանի ժամով դարձել է լրագրող, որպեսզի իր արվեստի հայ և հատկապես օտար հետևորդներին ավելի պատկերավոր ու տեսանելի փոխանցի այն ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախում։

«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի  Արցախ... Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին՝ անցյալ ժամանակով»,- տեսանյութին կից գրել է երգչուհին շեշտելով․ «Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի եղածը ներկայացնել այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»:

Ի դեպ, գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը Արցախի հանդեպ իր սերն արտահայտել էր դեռևս «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում՝ 2016 թվականին։ Այդ ժամանակ երկրորդ կիսաեզրափակչում իր ելույթից հետո, կանաչ սենյակում երգչուհին ծածանեց Արցախի դրոշը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայկական կողմի այս քայլը որակավորել է որպես սադրիչ և անթույլատրելի։ Եզրափակչի օրը Էրիքսոն Գլոբ արենայի շրջակայքում ինքնաթիռ հայտնվեց ցույց տալով «Karabach loves Iveta» գրությունը։

Մրցույթի ժամանակ «կանաչ սենյակում» Արցախի դրոշը ծածանելուց հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ, երբ Շվեդ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու գնաց այդ քայլին և ծածանեց եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշը երգչուհին պատասխանեց․ «Ես բարձրացրեցի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանան այս խնդրի վրա։ Ես միայն խաղաղություն եմ ցանկանում այս աշխարհում։ Լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, միևնույն ժամանակ ինքս ինձ աշխարհի մարդ եմ համարում և ուզում եմ, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը»:

Ուշագրավ է, որ Իվետա Մուկուչյանն օրերս հայտնել էր, որ հրավեր էր ստացել որպես Գերմանիայի ներկայացուցիչ մասնակցելու «Եվրատեսիլ-2021»-ին, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից զանգահարել և երգչուհուն տեղեկացրել են, որ որոշումը փոփոխության է ենթարկվել։ Ամենայն հավանականությամբ, որոշման փոփոխությունը կապված է 2016 թվականին Իվետայի Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ։

Հավելենք, որ տեսանյութի ընթացքում երգչուհին գերմաներեն մեկնաբանում է արդեն թշնամու տիրապետությանը հանձնած Արցախի գյուղերի ու քաղաքների իրավիճակը՝ այրվող տներ, իրենց տներին ու ծննդավայրին վերջին հրաժեշտը տվող հուսահատ ու արտասվող արցախցիներ․․․  իսկ զուգահեռ՝ այն ներկայացվում է անգլերեն տիտրերով։

Մանրամասները՝ տեսանյութում