կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 17:01
Հասարակություն

Հայաստանում գտնվող արցախցիների համար կանցկացվեն ծրագրավորման անվճար դասընթացներ

Հայաստանում գտնվող արցախցիների համար կանցկացվեն ծրագրավորման անվճար դասընթացներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ ՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար: Այս մասին տեղեկացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տևողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ և ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչև տեխնիկական անգլերեն:

Մեկնարկել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խորը գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ուղղություններում՝ ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript,PHP), գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop), Computer network, System administration: Կազմակերպիչների խոսքով, մասնակիցների համար կազմակերպվում են նաև ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտումներ և այլն:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետևյալ դասընթացներին՝ ITeens-Web programming for teenagers, QA-Quality Assurance, Web programming:

«Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար նոր մասնագիտություններ սովորելու անհրաժեշտությունը, որոշեցինք նաև նման դասընթացներ կազմակերպել: Հուսով ենք, որ դրանց արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն որոշակի գիտելիքներ և իրենց ուրույն տեղը կգտնեն մեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտում և իրենց մասնագիտական հմտությունները կծառայեցնենք հայրենիքի հզորացմանը ու կայուն առաջընթացին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: 

Հետադարձ կապ՝

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

էլ. հասցե՝ [email protected]