Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 18:24
Քաղաքական

Կարևոր է քաղաքականապես ամրագրել ռազմաճակատի հաջողությունները

Կարևոր է քաղաքականապես ամրագրել ռազմաճակատի հաջողությունները

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ադրբեջանական ագրեսիային` ասելով, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ բանակցային փուլը փոխարինել ռազմական գործողություններով: Ըստ Բաղդասարյանի` գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանում ծայրահեղ լարված ներքաղաքական ու տնտեսական-սոցիալական իրավիճակ է, ուստի այդ ամենից իրենց հանրության ուշադրությունը շեղելու համար նրանք ընտրել են ռազմական գործողությունների և զոհեր ունենալու ճանապարհը:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես` ՄԽ համանախագահներին` սանձահարել Ադրբեջանի լկտի պահվածքը: Եվ այսօր տեղեկացնում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միասնական են, ԼՂ ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը նույնպես նշեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դիմաց Հայաստանը համախմբված է գործում: Նրա խոսքով` ստեղծված ռազմաքաղաքական վիճակը պահանջում է համակարգված գործողություններ բոլոր ուղղություններով: «Ներկա պահին Արցախի ՊԲ-ն իրականացնում է հաջող մարտեր՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Եվ կարևոր է, որ ռազմաճակատի հաջողությունները կարողանանք ամրագրել քաղաքականապես՝ դիվանագիտական հարթակներում: Եվ խորհրդարանը դրանում պետք է առանցքային դեր ունենա»,- ասաց նա: