կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 14:52
Տարածաշրջան

Թուրքիան այնքան ուժեղ չէ, որքան պատկերացնում էր Էրդողանը. Հալսման

Թուրքիան այնքան ուժեղ չէ, որքան պատկերացնում էր Էրդողանը. Հալսման

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության ներքո Թուրքիան, դեռևս ցանկանալով դերակատարություն ունենալ եվրոպական քաղաքականության մեջ, իր ուշադրությունը տեղափոխել է դեպի Մերձավոր Արևելք, հատկապես՝ դեպի նախկին օսմանյան տիրույթներ՝ Հունաստան, Սիրիա, Իրաք և Հյուսիսային Աֆրիկա՝ իր ազդեցությունն ընդլայնելու հույսով: Այս մասին գրում է John C. Hulsman Enterprises քաղաքական հարցերով միջազգային խորհրդատվական կազմակերպության նախագահ Ջոն Հալսմանը Arab News- ի սյունակում:

«Բայց, ինչպես պատմության մեջ բազմիցս է պատահել, գործնականում Էրդողանը բախվել է կայսերական գերլարումին՝ ստանձնելով ավելի շատ պարտավորություններ, քան երկիրը կարող էր դիմակայել»,- նշում է փորձագետը:

Վերլուծաբանը շեշտում է, որ «անհնար է կայսրություն ղեկավարել էժանագին ձևով»: «Էրդողանի նեոօսմանյան տենդագին երազանքի ճակատագրական թերությունն այն է, որ Թուրքիան պարզապես իր պատկերացրած մեծ տերությունը չէ: Նրա տնտեսության կառուցվածքային խնդիրներն այդպիսի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը դարձնում են երկարաժամկետ հեռանկարով և լիովին անկայուն»,- գրում է նա:

Կորոնավիրուսային համաճարակը կործանարար հարվածներ է հասցնում Թուրքիայի տնտեսությանը: Սեպտեմբերին լիրան ընկավ ռեկորդային նվազագույնի: Արժույթը հետագա անկումից զերծ պահելու հուսահատ փորձով կառավարությունն օգտագործել է իր արտարժույթի պահուստների գրեթե կեսը՝ 65 միլիարդ դոլար: Գնաճը մնում է կայուն բարձր՝ օգոստոսին հասնելով գրեթե 12%-ի: 2020-ի երկրորդ եռամսյակում Թուրքիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով ընկել է 9,9%-ով, ինչը վատթարագույնն է վերջին տասնամյակում:

«Մեղմ ասած՝ նման կործանարար վիճակագրությունը չի նպաստում նեոօսմանյան արտաքին քաղաքականությանը: Ընդհակառակը՝ այս թվերը փաստեր են, որոնք պարզապես հեռանկարում հնարավոր չէ փոխել: Էրդողանի նեոօսմանյան վիթխարի երազանքը դատապարտված է անհաջողության ամենաակնհայտ և պատմականորեն տարածված պատճառներով. նրա էքսպանսիոնիստական երազանքները գերազանցում էին Թուրքիայի տնտեսական իրողությունները», - ամփոփում է Հալսմանը: