|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ:
Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:
Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա: