կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 22:57
Քաղաքական

Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը. Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է

Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը. Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ
այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը
կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Որոշման մեջ նշվում է, որ նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:

Նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո՝ անմիջապես: