Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը և Viva-MTS-ը հորդորում են առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը: Կապի օպերատորներն այս մասին հայտարարություն են տարածել:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր, գրություններ ու պահանջներ ենք ստանում Արցախում ռոումինգի վերաբերյալ։ Նշենք, որ հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը ևս վտանգված է:
Հայաստանյան օպերատորների և Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաև այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը: «Եվ մեր տվյալներով, պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ։ Առհասարակ՝ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասված է հայտարարությունում:
Օպերատորները նաև նշել են, որ ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի՝ պարզաբանեց ռոմինգի գնագոյացման մոդելը. կարգավորող մարմնի որոշումով սահմանվել է փոխկապակցման միջօպերատորական սակագին, որից հետո ՀՀ և ԱՀ կարգավորող մարմինների ու օպերատորների միջև ստորագրվել է Հուշագիր, որի հիման վրա սահմանվել է բաժանորդների համար առավելագույն սակագին, որը հայաստանյան բոլոր երեք օպերատորների դեպքում նույնն է: Սակագնի զրոյացումը, բերելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի խափանման՝ թողունակության սահմանափակ լինելով պայմանավորված։ Եկեք չանտեսենք այն փաստը, որ Ղարաբաղ Տելեկոմի աշխատանքի շնորհիվ է, որ հայաստանյան օպերատորների բաժանորդները հնարավորություն ունեն կապի մեջ լինել Արցախի մեր հայրենակիցների հետ։
Օպերատորները տարածած հայտարարությամբ նշել են, որ այսօր ամենակարևոր խնդիրը զանգեր ընդունող ցանցի՝ Ղարաբաղ Տելեկոմի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների ապահովումն է՝ զանգերի մեծ ծավալը սպասարկելու ու կորուստները վերականգնելու առումով։
Խնդիրը բարձրաձայնողների մղումներն ազնիվ են ու հասկանալի: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Ղարաբաղ Տելեկոմի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել: Հայաստանյան երեք օպերատորներով հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով և հաղորդագրություններով: Արցախի օպերատորի ցանցն այսօր ավելի քան երբևէ ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի պահպանության ու անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքն ու ջանքերը։ Շնորհակալություն ըմբռնման համար»: