կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-28 12:43
Աշխարհ

Իսպանիայի հայ համայնքի հայտարարությունը Արցախի վրա ադրբեջանական զինված միավորումների հարձակման վերաբերյալ

Իսպանիայի հայ համայնքի հայտարարությունը Արցախի վրա ադրբեջանական զինված միավորումների հարձակման վերաբերյալ

Մենք՝ Իսպանիայում ապրող հայերը և հայկական կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք երեկ առավոտյան Ադրբեջանի կոռուպացված, ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ ռազմական հարձակումը հայկական սահմանապահ դիրքերի, քաղաքների ու խաղաղ բնակչության  վրա։ Կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ կերպով վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի։

Պատերազմ սկսելու ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի ավտորիտար ղեկավարությունը և Իլհամ Ալիևը: Իլհամ Ալիևը նաեւ պատասխանատու է խաղաղ բանակցությունները ամիսներ շարունակ փակուղի տանելու և ձախողելու համար՝ այսպիսով խաթարելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են գործում հայկական սահմանապահների և բնակավայրերի վրա։  2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակումների ընթացքում դաժան և վայրագ ձևով սպանվեցին Արցախի Թալիշ գյուղի խաղաղ բնակիչները։ 2020 թվականի հուլիսին ադրբեջանական զինված միավորումների հարձակումը Հայաստանի պետական սահմանի վրա տապալվեց հայկական բանակի կողմից։ Այդ դեպքերից հետո թուրքական իշխանությունները բացահայտորեն նեցուկ կանգնեցին Ադրբեջանի իշխանություններին։ Նրանց հովանավորությամբ Սիրիայի Իդլիբ նահանգից «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման մոտ 300 վարձկան  տեղափոխվեց Ադրբեջան՝ Հայաստանի դեմ  նախապատրաստվող պատերազմին մասնակցելու ու խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար։

2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, անհասկանալի պատճառներով թուրքական զորամիավորումների առկայությունը Ադրբեջանում, և այս ռազմական ոտնձգության առաջին իսկ վայրկյանից թուրք լրագրողների՝ ուղիղ եթերով դրա լուսաբանումներն Ադրբեջանից ևս մեկ անգամ վկայում են թուրքական իշխանությունների բացահայտ հովանավորչության մասին։

Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ դադարեցնել պատերազմի հրահրումը, որով նրանք նպաստում են տարածաշրջանում անկայունությանը։

Կոչ ենք անում բոլոր իսպանական և եվրոպական քաղաքական ինստիտուտներին, մարդասիրական ու հասարակական կազմակերպություններին և միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ հարձակումը և հանդես գալ համապատասխան կոչով՝ վերադառնալ խնդրի խաղաղ կարգավորման ուղղված բանակցություններին։

Հետևելով իսպանական որոշ ԶԼՄ-ների տարածած կողմնակալ լրատվություններին՝ կոչ ենք անում և ակնկալում իրավիճակի անկողմնակալ լուսաբանում՝ հիմնվելով բացառապես՝ երկկողմանի պաշտոնական տեղեկատվությունների վրա։

Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը՝ լինի հայրենիքում, թե՝ սփյուռքում, կողմ են խաղաղությանը, երկխոսությանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, սակայն մեզ թելադրված որևէ ռազմական ոտնձգություն մեր սահմանների և խաղաղ բնակչության վրա, կստանա կոշտ և արժանի պատասխան։

Իսպանիայի հայ համայնք