Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը փակագծեր է բացում՝ հոկտեմբերի 8-ին, Ազատության հրապարակում, նախատեսված համապետական հանրահավաքի գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։
«Հանրահավաքի գխավոր պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը: Մնացած մանրամասնությունները կհնչեցվեն հանրահավաքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բացառում է, թե որևէ կապ կա Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով դատական նիստի և հանրահավաքի միջև։ Ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի, իշխանությունը պարզապես ցանկանում է ցույց տալ, թե ընդդիմությունը օրակարգ չունի և հանրահավաքն ընդամենը Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ է կապված։
«Այս ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ անգամ ասել ենք, որ, այո, երբ որ արտակարգ դրությունը վերանա մենք օգտվելու ենք նաև հանրահավաքներ, երթեր, ցույցեր անելու մեր սահմանադրական իրավունքից: Այս ժամանակահատվածում մենք նաև պարբերաբար խոսել ենք այդ մասին և ընդամենը մի քանի օր առաջ որոշել ենք հանրահավաքի օրը, հիմա դա բերել կապել անմիջական դատավարության հետ չի ստացվելու: Մենք էլ հակառակն ենք ասում, որ այս իշխանությունը շարունակում է այդ ճանապարհով, այդ քրեական գործերով, հետապնդումներով փորձել լռեցնել իր ընդդիմախոսներին և ընդդիմադիր դաշտին», – ասաց Սաղաթելյանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարծում է, որ քաղաքական 3 ուժերին կհաջողվի բազմամարդ հանրահավաք անցկացնել, քանի որ օրակարգը օդից չեն վերցրել, այն կառուցել են հանրային դժգոհությունների և իրենց գնահատումների հիման վրա։ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է, կառավարությունը և խորհրդարանն այլևս ի վիճակի չեն դիմագրավել երկրի առջև կանգնած մարտահրավերներին, կա իրավացի դժգոհություն հասարակական տարբեր շերտերում, և մարդիկ դուրս են գալիս փողոց։
«Եթե չլինի այդ հասարակական աջակցությունը, երեք կուսակցությունները ոչինչ չեն կարող անել, բայց մենք վստահ ենք՝ կա և մենք կկոնսոլիդացնենք այդ հասարակական պահանջը»,- նշեց Սաղաթելյանը:
Աղբյուրը՝ azatutyun.am