Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է. ըստ Yerkir.am-ի՝ սա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կանխատեսումն է ներքաղաքական առաջիկա գործընթացների համար։
Նա վստահ է, որ դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն ՀՀԿ-ի կողմից առաջ քաշված «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև լինելու է երկրորդ կարգախոսը՝ «Հայաստանը Նիկոլից հետո»:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այժմ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում բուռն գործընթացներ, թեև իշխանությունը փորձում է սեպ խրել ընդդիմադիր բևեռների միջև։ Դա, ըստ նրա, չի հաջողվում:
«Իշխանությունը փորձում է իրականացնել հին հռոմեական ռազմավարությունը՝ «Բաժանի՛ր, որ տիրես», բայց այսօրվա դրությամբ դա դեռ չի ստացվում: Իշխանական քարոզչամեքենան պարբերաբար փորձում է սեպ խրել կամ նոր բաժանարար գծեր առաջացնել ընդդիմության ներսում: Դա արվում է, օրինակ, հանրապետականներ-Ռոբերտ Քոչարյան գծով, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, դա փորձել են անել վերջերս ՀՀԿ-ԲՀԿ ճամբարով: Դա տեսանելի, բայց դիտավորյալ քաղաքականություն է: Ի պատիվ մեզ ու մեր մնացած գործընկերների՝ պետք է ասել, որ մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել ու կլինենք, հուսով եմ, անցյալում թողնել մեր տարաձայնությունների ողջ ժառանգությունն ու նստվածքը, որովհետև երկրին սպառնացող խնդիրները շատ ավելի կենսական են ու կարևոր, քան անցյալի այն բեռը, որի մասին Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան պարբերաբար փորձում է բարձրաձայնել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»՝ համատեղ հանրահավաք կազմակերպելու որոշմանն անդրադառնալով՝ նա ասաց. «Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե որևէ ուժի մոտ դա ստացվի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել»:
Աշոտյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը վերցրել է, բայց չի կարողանում այդ մեքենան վարել։
ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ իշխանությունը փորձում է ստեղծել սեփական ընդդիմություն, քանի որ դժգոհ է ներկայիս ընդդիմության որակից: Նրա համոզմամբ՝ նոր ընդդիմությունն ունի կոնկրետ աշխարհաքաղաքական հայացքներ:
«Իշխանությունը դժգոհ է այսօրվա ընդդիմությունից, և բաց տեքստով իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ իրենց պետք է նոր որակի ընդդիմություն: Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ նոր որակի ընդդիմություն, ապա առաջինը պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր՝ այսօրվա ընդդիմության նման որակ ՀՀ-ում որևէ ընդդիմություն չի ունեցել, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե որակյալ, այլ անորակ ընդդիմություն»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիմի պատկերացրած ընդդիմությունը, չգիտես՝ ինչու, բոլորն արևմտամետ են, «բոլորն ակնհայտ շաղկապվածություններ ունեն և չեն էլ թաքցնում իրենց գեոպոլիտիկ ճաշակը»:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչու․ Նիկոլ Փաշինյանին պետք է արևմտամետ ընդդիմություն, նրանք սկսել են բուծել այդ ընդդիմությանը, փորձում են բրոյլերային հավերի նման հորմոնների և անաբոլիկների վրա նստեցնել, որ այդ, այսպես կոչված, նոր ընդդիմությունն արագ աճի, դառնա խաղացող, հանրային կարծիք ձևավորող: Բայց դա այնքան կեղծ է, սուտ և տեսանելի իշխանական պրոյեկտ, որ մեր հանրությունն առայսօր չի գնացել այդ պրոյեկտի հետևից: Ընդհանրապես, իշխանությունը սիրում է ամեն ինչին տիրանալ, Նիկոլ Փաշինյանն ուզում է տիրանալ նաև ընդդիմադիր դաշտին, ինչը գործող ընդդիմադիր դաշտի այսօրվա տեսանելի առաջատարների դեպքում, ի դեմս ՀՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի, պարզապես անհնար է»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ընդդիմադիր գործող ուժերը պետք է ձևավորեն հանրային կարևորության օրակարգ, որը կընդգրկի երկրում կուտակված սոցիալական և հասարակական դժգոհությունները, և պետք է կարողանան դրանք վերածել քաղաքական գործընթացների: Արհեստական միավորումներին նա դեմ է։
Մանրամասն՝ տեսանյութում: