Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոքրիկ վերապահումներով հանդերձ՝ կարող ենք հաստատել, որ երեսուն տարվա անկախության ժամանակաշրջանում՝ Հայաստանի հանրապետությունում քաղաքական համակարգ չձևավորվեց: Ընդդիմադիր դաշտի համայնապատկերն անմխիթար է: Նույնն է վիճակը իշխանական ճամբարում. գաղափարախոսական-ծրագրային դատարկություն ՝ ամենօրյա ամբոխահաճությամբ սքողված: Ինչպիսի ներքին և արտաքին վտանգներով է հղի նման իրավիճակը ժողովրդավարական ուղով զարգացող ցանկացած երկրի համար՝ բացատրելու անհրաժեշտություն չկա:
Առաջին հայացքից անցած երեսուն տարիները կարող են թվալ կուսակցաշինության և կուսակցությունների բուռն գործունեության տարիներ: Պետական գրանցում ստացած ավելի քան հարյուր կուսակցություններից, Ազգային Ժողովի ընտրություններին՝ առանձին կամ ընտրական դաշինքների կազմում մասնակցել են 75 կուսակցություններ: Նրանցից 28-ը, տարբեր ժամանակներում, այս կամ այն կերպ ներկայացված են եղել Ազգային Ժողովում: Յոթ կուսակցություններ՝ Աղգային Ժողովում, տեղեր են զբաղեցրել երեքից վեց անգամ:[1] Այդքանով հանդերձ՝ թե՛ անցյալում էական դերակատարություն ունեցած, թե՛ ներկա խորհրդարանը ներկայացնող քաղաքական ուժերից, մոտ ապագայում ոչինչ չի մնա:
Կայացած քաղաքական համակարգը պետության անվտանգության թիվ մեկ առաջնահերթությունն է: Այդպիսի համակարգ ունենալու համար, առնվազն, պետք է հասկանալ ներկա իրավիճակի խորքային պատճառները`ինչու երկրի քաղաքական զարգացման 30 տարիները չհանգեցրին կայացած քաղաքական կուսակցությունների ձևավորմանը:
Հիմնական պատճառը եղել է շխանության հասած քաղաքական ուժերի կողմից իշխանությունը ամեն գնով պահելու ձգտումը: Իշխանության ղեկը ստանձնելուց կարճ ժամանակ անց նրանք հասարակությանը ներկայացել են որպես անփոխարինելի ճշմարտության միակ կրողներ՝ ծայրահեղ անհանդուրժողականություն դրսևորելով այլ տեսակետների և մոտեցումների նկատմամբ: Անկախության առաջին իսկ տարիներից իշխանությունները խրախուսում էին հանրային գիտակցության մեջ կուսակցությունների և կուսակցականության նկատմամբ խիստ բացասական տրամադրությունների ձևավորումը: Իշխանություններն օգտվում էին հետխորհրդային հասարակության անպատրաստությունից՝ ապրելու բազմակարծության պայմաններում: Իրենց քաղաքականությանն ուղղված քննադատությունները կասեցնելու համար իշխանությունները, տեղին կամ անտեղի, հաճախ էին շահարկում Արցախի հարցը: Մամուլն ու հեռուստատեսությունը հեղեղված էին հակակուսակցական քարոզչությամբ: Այդպիսի իրավիճակից օգտվում էին տարբեր տրամաչափի հանրային պատեհապաշտ դեմքեր՝ իշխանություններին հաճոյանալու, հասարակական դիրք, պաշտոն, որոշակի նյութական արտոնություններ ստանալու նպատակով: Հակակուսակցական արտահայտություններն ու բառամթերքը բնորոշ էին նույնիսկ շատ պետական-կուսակցական պաշտոնյաների, ովքեր իշխանական կուսակցության մաս էին կազմում ոչ թե իրենց քաղաքական համոզմունքների արդյունքում, այլ պետական-վարչական մեքենայի մաս կազմելու բերումով: Կուսակցությունների նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումները շարունակվում են մինչև այսօր՝ երբ դրանք չեն դիտվում, որպես ժողովրդավարական հասարակության հիմքը կազմող ինստիտուտներ, այլ ներկայացվում են որպես «ժողովրդի միասնականությունը» խաթարող, իշխող ուժի գործունեությանը և երկրի առաջընթացին խանգարող գործոններ: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Անկախության հռչակագրով, Հայաստանի հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պարտավորություններով ժողովրդավարական զարգացման ուղին բռնած երկրի իշխանությունները լծված էին տարօրինակ գործի` երկրում հաստատելու ժողովրդավարություն առանց կուսակցությունների:
Կուսակցությունների նկատմամբ բացասական, արհամարհական մթնոլորտը անհրաժեշտ էր քաղաքական հակառակորդներին ճնշելու, լռեցնելու, նրանց տեսակետներին քամհարանքով վերաբերվելու համար: Այս հարցում իշխանությունները չէին խորշում գործադրել ցանկացած միջոց: Մինչև 1998-ի իշխանափոխությունը, այլակարծությունը լռեցնելու նպատակով, իշխանությունը գործում էր կոշտ`ոստիկանական մեթոդներով. կուսակցության գործունեության արգելանք, կուսակցական գույքի բռնագրավում, քրեական հետապնդումներ, բանտարկություններ, կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված աշխատանքից ազատումներ և այլն: Իշխանությունների կազմակերպած ճնշումներին չդիմանալով որոշ կուսակցություններ բաժանվեցին մի քանի մասերի, փաստորեն դեռ չսկսած դադարեցնելով իրենց գործունեությունը: 1998-ից հետո ավելի գերակշիռ դարձան ընդիմությունը սանձելու մեղմ մեթոդները. քվոտավորված մասնակցություն Ազգային ժողովում, քաղաքականապես անհիմն կոալիցիոն կառավարությունների կազմում, տնտեսական հնարավորությունների և արտոնությունների տրամադրում:
Կուսակցությունների կայացման գործընթացում կաևորագույն նշանակություն ունեցող ընտրությունները ևս չէին ծառայում այդ նպատակին: Բնականոն զարգացման դեպքում ընտրությունները պետք է հնարավորություն տային կուսակցություններին բյուրեղացնելու իրենց գաղափարախոսական-ծրագրային դրույթները, հանձնելու դրանք հանրության դատին, ջանքեր գործադրելու դրանք իրականացնելու և պատասխանատվություն կրելու արդյունքների համար: Ընտրությունների արդյուքները պետք է ստիպեին կուսակցություններին պարբերաբար ճշգրտումներ մտցնելու ծրագրային հիմնադրույթներում, վերատեսության ենթարկելու կազմակերպական կառույցներն ու աշխատանքային մեթոդները: Այս հոլովույթի արդյունքում ժամանակի քննությունը, լավագույն դեպքում, պետք է բռնեին մի քանի իրական այլընտրանքներ առաջարկող քաղաքական միավորներ: Մեզ մոտ նման բան տեղի չունեցավ: Իշխանություններն ամեն ինչ անում էին ընտրությունների ելքը իրենց օգտին կանխորոշելու համար: Ընտրությունների որակը իշխանություններին հետաքրքրում էր հիմնականում արտաքին գնահատողների կողմից երկրի ժողովրդավարության մակարդակին տրվող ցուցանիշների, այլ ոչ թե քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից: Ընտրությունից ընտրություն կուսակցությունները, այդ թվում նաև արմատական ընդդիմադիրները, ներկայացնում էին իրարից գրեթե չտարբերվող նեոլիբերալիստական բնույթի նախընտրական ծրագրեր, որոնք Հայաստանի հանրապետության զարգացման տեսանկյունից որևէ իրական այլընտրանք չէին ներկայացնում: Այս իրավիճակում. բոլոր ընտրություններում ընդդիմության կողմից ձևակերպվում էր մեկ՝ իշխանության փոփոխության քաղաքական պահանջ՝ այդպես էլ որևէ կերպ չնպաստելով կուսակցությունների գաղափարական- ծրագրային բյուրեղացմանը:
Գաղափարական-ծրագրային ամորֆությունը, իրական այլընտրանք ձևակեպելու անկարողությունը հանգեցնում էր նրան, որ հակառակ հայտարարված մեծ թվերին, կուսակցությունները մնում էին որպես առանձին անհատների շուրջ համախմբված համակիրների խմբեր, որոնք ավելի շուտ հիշեցնում էին Երևանում գործող, ժողովրդականություն չվայելող ակումբներ: Դա հատկապես ակնհայտ էր դառնում, երբ իրեն զանգվածային հռչակած կազմակերպությունը դուրս էր մնում իշխանությունից: Կարճ ժամանակ անց այն դադարում էր քաղաքական կյանքում գոյություն ունենալուց: Ակնհայտ է, որ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի» ներկա իրավակարգավորումները, որոնք վերաբերվում են կուսակցության անդամների թվին (հոդված 9), հանրապետության տարածքում նրանց սփռվածությանը`տարածքային ստորաբաժանումների թվին (հոդված 19), ձևական են և որևէ կերպ չեն նպաստում զանգվածային՝ հանրապետության տարածքով սփռված կուսակցությունների ձևավորմանը:[2] Հանրապետությունով սփռված և ամուր կուսակցական կառույցների ձևավորման հիմնական խոչնդոտը ժողովրդավարության խզումն էր համապետական և տեղական մակարդակներում: Կուսակցությունների գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր համապետական ընտրությունների. իսկ ավելի ճիշտ նախագահական ընտրությունների վրա: Նախագահական ընտրությունները դիտվում էին քաղաքական միակ օրակարգի՝ իշխանափոխության հնարավորություն: Մյուս կողմից կուսակցությունները շահագրգռված չէին մասնակցելու տեղական ինքնակառավարման ընտրություններին: Իշխանությունները, միանշանակորեն, կանխորոշում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որտեղ իշխանության հովանավորությունից բացի նշանակություն ուներին միայն թեկնածուների տոհմային-ազգակցական և տնտեսական-շահակցական կապերը համայնքի բնակիչների հետ: Տասնամյակներ տևող այս ընտրական գործընթացը համայնքի կառավարման` համայնքային ծառայության, բնակչության կենսական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանման հարցերում մեծ ավեր գործելուց բացի, խիստ բացասական է անդրադարձել նաև կուսակցությունների կայացման վրա: Կուսակցությունները չեն առնչվել բնակչության կենսական խնդիրների հետ, չեն աշխատել ընտրողների հետ՝ նրանց կենսականորեն հետաքրքրող հարցերը լուծելու ուղղությամբ, պայքար չեն ծավալել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու համար: Մյուս կողմից՝ համապետական ընտրությունների ժամանակ, համայնքի բնակիչը այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելիս ստիպված է եղել առաջնորդվել ո՛չ թե իր առօրյա-կենսական խնդիրների նկատմամբ այդ կուսակցության համայնքային գործունեության արդյունքներով , այլ կուսակցության գործունեության հետ առնչություն չունեցող գործոններով, լավագույն դեպքում, կուսակցական այս կամ այն գործիչի նկատմամբ իր անմիջական շրջապատում ձևավորված կարծիքով:
Պետք է նշել, որ, բովանդակային առումով, այս խնդրի լուծման համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալները ստեղծվեցին միայն վերջերս: Տեղական ինքնակառավարման համակարգում , 2011 թվականից ի վեր ընթացող բարեփոխումների շրջանակում, Ազգային Ժողովի կողմից ընդդունված և նույն թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ մտած «ՀՀ ընտրական օրենսգրքի» , «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների փոփոխությամբ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ձևավորման ընթացակարգերը կտարածվեն բոլոր համայնքների ավագանիների ընտրության վրա:[3] Հույս կա, որ օրենսդրության նման փոփոխությունը արմատապես կփոխի կուսակցությունների օրակարգը: Կկարևորվեն համայնքներում բնակչության հետ անմիջական աշխատանքները: Ժամանակավրեպ և լուսանցքային կդառնան ինքնամփոփ, ներքին լարվածությունների և օտար միջամտությունների հույսով իշխանության հասնելու հավակնություններ ունեցող ուժերը:
Միանգամայն օրինաչափ էր, որ 2018թ.-ի համաժողովրդական ընդվզումը որպես քաղաքական թիվ մեկ առաջնահերթություն ձևակերպեց «Կուսակցությունների մասին» և «Ընտրությունների մասին» սահմանադրական օրենքների վերանայումը և այդ հիմքով Ազգային Ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը: Սակայն, մեր օրերի հասարակական կյանքը հագեցած է մնում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ընդդիմախոսների նկատմամբ թշնամական վերաբերմունքի դրսևորումներով: Իշխող մեծամասնության վարքով և գործունեությամբ պայմանավորված երկրում սերմանվում է անառողջ և ցածրորակ քաղաքական մշակույթ: Օրինական և անօրինական բոլոր միջոցներով, այն իր ձեռքում է կենտրոնացնում իշխանության բոլոր ճյուղերը՝ ծնունդ տալով անցյալի համակարգային արատների նոր դրսևորումների:
Եզրակացնենք. անցյալի դասերը պետք է գիտակցվեն, սխալները չպետք է կրկնվեն: Անհրաժեշտ է.
ա) բարելավել հանրային մթնոլորտը, այլակարծության և կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը.
բ) արմատական վերատեսության ենթարկել օրենսդրական դաշտը.
գ) կազմակերպել նոր որակի ընտրություններ համապետական և տեղական մակարդակներում.
դ) հիմք դնել երկրում ժողովրդավարական եղանակով իշխանության փոխանցման ավանդույթին.
Հակառակ դեպքում՝ ներկա իշխանություններն անմնացորդ կմսխեն 2018 թվականի ժողովրդական ապստամբության հսկայական էներգիան, պետականության զարգացման իմաստով որևէ արժեքավոր բան չթողնելով իրենցից հետո:
Մասիս Բաղդասարյան
------------------------------------------------------------------------------------------
[1] http://www.parliament.am/parliament.php?id=parliament#
https://www.elections.am/archive/
https://mediamax.am/am/news/Elections/4576
https://www.azatutyun.am/a/28193670.html
http://www.anc.am/?page_id=1033
Աղբյուրը՝ Hetq.am