կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 11:41
Հասարակություն

«Լիբանանահայերի ինտեգրման փաթեթ»-ն ուղարկվել է կառավարություն՝ սահմանված կարգով շրջանառության

«Լիբանանահայերի ինտեգրման փաթեթ»-ն ուղարկվել է կառավարություն՝ սահմանված կարգով շրջանառության

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած հայերին աջակցություն տրամադրելու փաթեթը երեկ ուղարկվել է կառավարություն. Yerkir.am-ի թղթակցին տեղեկացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

«Փաթեթն ամբողջությամբ պատրաստ է։ Դրա անվանումն է «Լիբանանահայերի ինտեգրման փաթեթ»։ Այն երեկ ուղարկվել է կառավարություն՝ սահմանված կարգով շրջանառելու և շահագրգիռ գերատեսչությունների կարծիքը ստանալու համար»,- ասաց նա։  

Կարապետյանն ընդգծեց, որ փաթեթի մշակման ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել մի շարք գերատեսչությունների հետ, այդ թվում՝ առողջապահության, սոցապ, ԿԳՄՍ, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ և Արցախի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի։

Հարցին, թե աջակցության ի՞նչ կետեր են շեշտադրվել փաթեթում, Կարապետյանը պատասխանեց. «Քանի դեռ փաթեթը վերջնական հաստատված չէ, չեմ կարող նշել, սակայն այն ներառում է բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են, որ Հայաստան գալու ցանկություն ունեցող լիբանանահային հնարավորություն ընձեռվի հնարավորինս սեղմ ժամկետներում սահուն ինտեգրվելու հայաստանյան կյանքին, որպեսզի նա ունենա այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիները։ Փաթեթի ամբողջական նպատակը լիբանանահայերի համար Հայաստանը մշտական կեցության երկիր դարձնելն է»։

Ինչ վերաբերում է շահառուների թվին, ապա գրասենյակի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ  շահառուների շրջանակը լայն է, թեև հստակ թիվ այս պահին չի կարող նշել, քանի որ չի բացառվում՝ առաջարկների արդյունքում թվաքանակի փոփոխություն լինի՝ հաշվի առնելով, որ այս պահին այդ հարցը քննարկվում է այլ գերատեսչությունների հետ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Պայթյունի հետևանքով լայնածավալ ավերածություններ են եղել նաև հայահոծ շրջաններում. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, նաև՝ Հայկազյան համալսարանի շենքը։

Նշենք, որ, ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատուի, փաթեթն իրավական ակտերի նախագծերի հրապարակման մասին (e-draft.am) կայքում հրապարակված չէ, այն ներքին քննարկման է ներկայացված։