|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի մամուլի ծառայությունը։
Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։
Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Ռ. Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:
Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։