կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-22 14:14
Աշխարհ

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Օմսկից մեկնել է Գերմանիա

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Օմսկից մեկնել է Գերմանիա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Օմսկից մեկնել է Բեռլին: Նավալնիին Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխել են օդանավակայան։ Ինքնաթիռը թռել է տեղական ժամանակով ժամը 8:00-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Օմսկի բժիշկները թույլ էին տվել հետագա բուժման համար Նավալնիին տեղափոխել արտասահման։ Բլոգերի հետևից Օմսկ էր ժամանել գերմանացի բժիշկների բրիգադը, խորհրդակցություններ էին անցկացվել: Բժիշկների խոսքով` Նավալնիի ուղեղը կայուն վիճակում է, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի 20-ին, առավոտյան, ինքնաթիռը, որով Ալեքսեյ Նավալնին Տոմսկից թռնում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին թռիչքի ժամանակ վատացել է, վայրէջքից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդի վիճակը այդ պահին գնահատվել էր ծանր: Օմսկի բժիշկները հիվանդի արյան և մեզի մեջ թույն չեն հայտնաբերել: Բժիշկները նրա ինքնազգացողության վատթարացման հիմնական պատճառը համարում են նյութափոխանակության խանգարումը, ինչը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: