կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-30 22:07
Հասարակություն

Հայաստան ժամանեց ՀՀ քաղաքացիներին տեղափոխող վերջին`4-րդ չվերթն իրականացնող ինքնաթիռը

Հայաստան ժամանեց ՀՀ քաղաքացիներին տեղափոխող վերջին`4-րդ չվերթն իրականացնող ինքնաթիռը

Հունիսի 30-ին, ժամը 19.02-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու:

Վերջին չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշախատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

4-րդ չվերթի ընթացքում ևս Երևան ժամանող օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները:

Նշենք, որ բացի ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների` ՀՀ քաղաքացիների նկատմամբ դրևսորած հոգատար վերաբերմունքից ու ցուցաբերած մեծ աջակցությունից, տեղի հայ համայնքը նույնպես ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:

Թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ:

***

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, իսկ երրորդը` 13.48-ին: