կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 13:58
Արցախ

Արցախի նախագահը հետևել է մի շարք համայնքներում ընթացող շինարարական և ասֆալտապատման աշխատանքներին

Արցախի նախագահը հետևել է մի շարք համայնքներում ընթացող շինարարական և ասֆալտապատման աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է երկրի մի շարք համայնքներում ընթացող ասֆալտապատման և շինարարական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շաբաթ օրն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհի՝ ավարտական փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո Նախագահը հանձնարարել է նոր թափ հաղորդել ներհամայնքային ճանապարհների սալապատմանը:

Նա այցելել է նաև գյուղի դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հետաքրքրվել է խնդիրներով և նախանշել դրանց լուծման ուղիները: Ծովատեղ և Քերթ համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները: Երկրի ղեկավարն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս: Թոշակառու սպաների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական այլ խմբերի, ինչպես նաև հիփոթեքային վարկով ձեռք բերելու համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, սակայն, հաշվի առնելով ենթաշրջանում առկա բնակարանային մեծ պահանջարկը, նախագահի հանձնարարությամբ թաղամասի հարևանությամբ կկառուցվեն ևս երկու բազմաբնակարան շենքեր:

Դրանց համար նախատեսված ապաստարանները կծառայեն որպես մարզադահլիճներ, իսկ համայնքի դպրոցի համար կառուցվող մարզադահլիճը, որն ապահովված կլինի բոլոր պայմաններով, շահագործման կհանձնվի առաջիկայում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա – Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը հետևել է նաև Ստեփանակերտ – Կարմիր շուկա մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով օրերս շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին:

Այցի ընթացքում ԱՀ նախագահին ուղեկցում էին Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: