Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները օգոստոսի 9-ին հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխավոր հանձնակատարը:
Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին: