կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 17:00
Աշխարհ

The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը

The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը

The Independent պարբերականը դրական արձագանք է հրապարակել Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկման վերաբերյալ:

Ձայնասկավառակը թողարկվել է ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա նշել է, որ օրը սկսում է հրաշալի լուրով. The Independent-ը շատ դրական արձագանք է հրապարակել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» իրենց նախագծի մասին, որը դեսպանատան մշակութային ամենախոշոր նախագծերից է, և այն արդեն արդյունք է տալիս:

The Independent-ը հատված է ներկայացրել Կոմիտասի անցած ողբերգական ճանապարհի, նվաճումների մասին և ընդգծել, որ Լատվիայի Ռադիո երգչախումբի այս ձայնագրությունը նոր վերամշակված ձայների խառնուրդ է, որն ունի հրաշալի գրացիա և համեմված է ժողովրդական երաժշտական արձագանքներով, որոնցից Կոմիտասը ոգեշնչվել էր:

«Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։

Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։

80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։

Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղին։