Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, եւ ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:
Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետեւ ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլեւ մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը եւ իր ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:
Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. «Ակնհայտ է նաեւ, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին եւ թվերի լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ. «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է եւ բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,-նշեց վարչապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն, հետեւաբար կոչ արեց քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը: