Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Օրակարգի հիմնական հարցն առնչվում էր համաճարակի տարածումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքներին, մասնավորապես, նաեւ հունիսին տասնյակ բուժհաստատություններում ստուգայցերի արդյունքներին։ Հետևել է հարց ու պատասխան, մասնագիտական քննարկում։
Հակոբ Ավագյանը նիստի բացման խոսքում, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնելու տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։
Խմբի ձևավորման հիմնական նպատակն, ըստ ԱԱՏՄ ղեկավարի, ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող խնդիրների շուրջ խորհրդակցելն ու դրանց լուծման ամենաարդյունավետ ուղիները քննարկելն է։
Ավագյանը շեշտել է, որ ԱԱՏՄ-ում պատրաստ են լսել առաջարկներ եւ, ինչու ոչ, քննադատություններ, քանի որ նպատակը մեկն է՝ առավելագույնս բարձրացնել վերահսկողական աշխատանքների արդյունավետությունը։
Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել գործակցության այս ձեւաչափը եւ շեշտել իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական փորձի ներդրմամբ նպաստել ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա եւ նկատվող խնդիրների լուծման ուղղությամբ նոր ուղիներ մշակելուն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գրավոր առաջարկներ ներկայացնել եւ շարունակել համատեղ աշխատանքը։
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման վերահսկողության ավագ մասնագետ Վարդուհի Հարությունյանը։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում բուժսպասարկման եւ հակահամաճարակային հարցերով ընդգրկված են ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը, բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։