Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալները, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախաձեռնության հեղինակ, UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն լուրջ ներդրում ունեցող IDeA հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը` Դիլիջանում կրթական նոր կլաստերի հիմնադրումը, կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, որը կարող է օրինակելի նախադեպ նախատեսվող համալսարանական ցանցերի ստեղծման համար: Այդ առումով նախարարը կարևորել է կլաստերի ստեղծման իրավական հիմքերի, իրավակազմակերպական ձևի և կողմերի պարտավորությունների հստակեցման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստան հարցերը: «Մեր խնդիրն է` այս փուլում գործընթացը ճիշտ հունի դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական դաշտը, այնուհետև անցնել ծրագրի փորձնական մասի կազմակերպմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը` ընդգծելով, որ այն կլինի բաց հարթակ` կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա, և ներկայումս հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատում են նախագծի հիմնական մոտեցումների հստակեցման ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ աշխատանքային խումբը կշարունակի ուսումնասիրել կրթական կլաստերի ստեղծման իրավական հիմքերը և մյուս հանդիպմանը կներկայացնի համապատասխան հայեցակարգային դրույթները, հիմնական մոտեցումները և ճանապարհային հստակ քարտեզը` նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:
ՀՀ ԿԳՆ