Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի՝ «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները» խորագրով հույժ կարևոր ուսումնասիրությունը:
Աշխատության մեջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների (դրոշ, զինանշան, օրհներգ) ընդունման համառոտ պատմությունը 1918-1920 թթ. և դրանց իմաստների ու խորհուրդների գիտական մեկնությունը:
Հանրահայտ իրողություն է, որ խորհրդանշանների հիմքում ընկած են տվյալ ազգի պատմության կարևորագույն և առանցքային նշանակություն ունեցող իրադարձություններն ու փուլերը, որոնք այդ ազգի և նրա կերտած պետության կյանքում ունեցել են պետականաստեղծ կամ վճռական դերակատարություն:
Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների հիմքում ընկած են.
ա. Հայ ազգի պատմությունը՝ Մեծ ջրհեղեղից մինչև առաջին պետականության հիմնումը, այդ պետականության տարբեր փուլերի կարևորագույն իրողությունների արձանագրումը (հիմնականում՝ զինանշանի մեջ):
բ. Քաղաքակրթական ինքնատիպության և ինքնուրույն՝ հոգևոր-կրոնական-մշակութային պատմության կարևորագույն իրողությունների արձանագրումը (հիմնականում՝ դրոշակի մեջ):
գ. Ազատության, պետականության վերականգնման և ազգային իղձերի իրականացման համար մղած կենսահաստատ պայքարի գաղափարը (հիմնականում՝ օրհներգի մեջ):
Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեք խորհրդանշաններն էլ անցել են պատմական հոլովույթի միջով և ձևավորվել են ազատագրական պայքարի բովում:
Փաստորեն մինչև ՀՀ Խորհրդարանի կողմից ընդունվելը՝ սրանք կամ սրանց նախնական տարբերակները հայ ազգի կողմից արդեն իսկ ընդունված են եղել որպես ազատագրական պայքարի խորհրդանշաններ: