Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի հայ համայնքի երիտասարդական-ուսանողական միության անդամները Վրաստանում ՀՀ դեսպանատան առջև հանրահավաք են նախաձեռնել՝ ի զորակցություն հայրենիքի և ընդդեմ հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս – արևելյան հատվածում (Տավուշի մարզ) հուլիսի 12-ից կրկնվող ադրբեջանական սադրանքների:
Երիտասարդական-ուսանողական միության անդամները (ղեկավար՝ Արթուր Միրզոյան) վանկարկումներով և տարբեր լեզուներով հնչեցված կոչերով դատապարտել են ադրբեջանական սադրանքները՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ՝ Վրաստանում:
Վրաստանի հայ համայնքի ուսանողական միության անդամ Վրեժ Հարությունյանը կազմակերպիչների անունից հնչեցրել է հետևյալ կոչը.
«Այսօր մենք՝ Վրաստանի հայ համայնքի երիտասարդական և ուսանողական միության անդամներս, հաշվի առնելով երկրի ներկա իրավիճակը և չխախտելով սահմանափակումները, եկել ենք զորակցություն ցուցաբերելու մեր հայրենակիցներին։ Հավատարիմ մնալով Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կոչին՝ զերծ մնալ սադրանքներից, մենք ցուցաբերում ենք բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ իրավիճակի լարման օրվանից՝ մենք, կանխատեսելով Ադրբեջանի կողմից կառավարվող տարբեր խմբերի կողմից ապագա սադրիչ գործողությունները, տարածել էինք հայտարարություն, որտեղ կոչ էինք արել Վրաստանի քաղաքացիներին զերծ մնալ սադրանքներին պատասխանելուց։ Եվ այսօր եկել ենք այստեղ, որպեսզի աջակցենք մեր հայրենակիցներին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին՝ անկախ իրենց ազգությունից, զերծ մնալ ցանկացած տիպի սադրանքներին պատասխանելուց, ինչպես նաև մասնակցելուց և կազմակերպելուց։
Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրելու Հայաստանին: Վերջինս նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև Վրաստանի համար։
Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի կողմից ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունը և փորձը։
Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»։
Սույն կոչը Թբիլիսիում ՀՀ դեսպանատան առջև հնչեցվել է նաև վրացերեն և անգլերեն:
Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ակցիայի կազմակերպիչներին և ներկաներին՝ այս դժվարին օրերին հայրենիքին զորակցելու և Վրաստանին սադրանքների մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը դատապարտելու համար: